«Թատրոն-X»-ի կարևոր ձեռքբերումը բանավեճի մշակույթի ձևավորումն է. փառատոնի նախագահ
«Թատրոն-X» 4-րդ հանրապետական փառատոնը վաղվանից կսկսի իր մարզային փուլը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց փառատոնի նախագահ Արա Խզմալյանը։
Իր խոսքում նա նշեց, որ այս տարի փառատոնը բացվել և փակվելու է Խուան Խոսե Ալոնսո Միլիանի «Ցիանակալիում... կաթով կամ առանց կաթի» ներկայացմամբ՝ այդկերպ փորձելով լավատեսական նոտայով ավարտել փառատոնի փակման արարողությունը։
Փառատոնի կազմակերպիչների համար իսկական անակնկալ էին եղել Երևանի 27 դպրոցի ինքնագործ ու Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թատերախմբերը։ «Թատրոն-X»-ի մասնագիտական հանձնախմբի անդամ, թատերագետ Լևոն Մութաֆյանը, խոսելով փառատոնի շրջանակում երևանյան փուլում ներկայացված բեմադրությունների մասին, առանձնացրեց դրանց թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը։ Բացասականը, ըստ նրա, այն է, որ բեմադրությունների երաժշտական մասից գրեթե բացակայում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Խոսելով երիտասարդ դերասանների խաղի մասին՝ Արա Խզմալյանն ասաց, թե Թատերական ինստիտուտում «դերասաններին պետք է սովորեցնել ոչ թե ցույց տալ էմոցիաները, այլ թաքցնել դրանք», իսկ Լ.Մութաֆյանն էլ ցավով արձանագրեց հայ թատրոնների խաղացանկերի աղքատությունը, ժամանակակից դրամատուրգիային չարձագանքելու փաստը, երիտասարդների՝ նորարարությունների չդիմելու փաստերը։
«Մեր թատրոնում էքսպերիմենտների են դիմում այն բեմադրիչները, որոնց տարիքը 50-ից ավելի է։ Երիտասարդները հետ են մնում»,- ասաց թատերագետը՝ դրա մեղքը տեսնելով կրթության որակի մեջ։
«Թատրոն-X»-ի կարևոր նվաճումը, փառատոնի նախագահի, մեզանում «բանավեճի մասնագիտական բարձր մշակույթի ձևավորումն է»։
Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին, որ միայն փառատոնի վերջին օրը հայտնի կդառնա, թե ովքեր ու ինչ ձևաչափով են ստանալու մրցանակները։
Փառատոնը մեկնարկել է մարտի 21-ից և շարունակվելու է մինչև ապրիլի 28-ը։
«Թատրոն-X»-ին այս տարի մասնակցում է ՀՀ և ԼՂՀ 31 թատրոն ու թատերախումբ։ Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնի թատերախմբից բացի՝ այս տարի փառատոնին մասնակցում է նաև Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը։










