Ջորջ Մայքլը երգ կգրի արքայազն Ուիլյամի հարսանիքի համար
Ջորջ Մայքլը մտադիր է երգ գրել բրիտանացի արքայազն Ուիլյամի ու նրա ընտրյալի՝ Քեյթ Միդլտոնի համար։ Այդ մասին երգիչը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Մի քանի օր առաջ երգիչը դիմել էր սոցիալական ցանցի իր ընթերցողներին՝ խնդրելով ուղարկել նախկինում այլ արտիստների ձայնագրած ռոմանտիկ ու հուզիչ երգերի տարբերակներ։ Ջ.Մայքլը նշել է, որ մտադիր է պատրաստել այն կոմպոզիցիայի քավեր տարբերակը, որն իրեն ավելի հարմար կթվա Ուիլյամի ու Քեյթ Միդլտոնի հարսանեկան արարողության համար։
Երեկ երգիչն արդեն տեղեկացրել է իր երկրպագուներին, որ կողմնորոշվել է երգի ընտրության հարցում ու մտադիր է այն այսօր ձայնագրել։ Մայքլը միայն ասել է, որ երգի անվանումն սկսվում է «Դու» (You) բառով և դրա օրիգինալը գրել է 1970-ականներին ինչ-որ «հանճար»։
Երգիչը մտադիր է ավարտել երգի ձայնագրությունը ապրիլի 14-ին։
Ավելի վաղ արքայազնի ամուսնության կապակցությամբ երգ էր ձայնագրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը։ Wet անվանումով թրեկն ընդգրկվել է ռեփերի՝ 2011թ. մարտի վերջին թողարկված Doggumentary ալբոմի մեջ։










