Հայ կատարողներ ունեցող երգչախումբը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախումբը ներկայացվել է 2012թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Քաղաքակրթությունների երգչախմբի միության նախագահ Յըլմազ Օզֆըրաթը։
120 հոգուց բաղկացած Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախումբը ձևավորվել է 2007թ. Հաթայի նահանգապետարանի կողմից։ Երգչախմբում ընդգրկված են քրիստոնեության, հուդայիզմի և իսլամի հետևորդներ։ Երգչախմբի կատարողների թվում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր։
Իր հիմնադրման օրվանից ի վեր Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախումբն ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս 80 համերգ է տվել։ Երգչախմբի կատարումները հնչում են հայերեն, թուրքերեն և արաբերեն։
2010թ. երգչախմբի հայերեն կատարումն ունկնդրել էր նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։










