«Սահմանը» և «Պոետի վերադարձը» կմասնակցեն իրանական միջազգային կինոփառատոնին
Իրանում ապրիլի 24-28-ը անցկացվելիք Քիշի առաջին միջազգային կինոփառատոնին կմասնակցեն նաև Հարություն Խաչատրյանի «Սահմանը» և «Պոետի վերադարձը» ֆիլմերը` համապատասխանաբար, խաղարկային և վավերագրական անվանակարգերում: Բացի Հարություն Խաչատրյանից, Իրան են հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը և կինոգետ Դավիդ Մուրադյանը:
Ինչպես հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից, ըստ Քիշի փառատոնի հիմնադիրների՝ փառատոնի առանցքում լինելու են տարածաշրջանում առկա կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները, Իրանի ու տարածաշրջանի ժողովուրդների դերը համաշխարհային պատմության մեջ ու ներկայիս քաղաքական զարգացումներում, իսլամական Իրանի խնդիրները և այլն:










