Ստամբուլի կինոթատրոնում առաջին անգամ հնչել է Ցեղասպանություն բառը

15:40 • 20.04.11

Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է տարբեր ազգությունների մարդկանց պատմությունները, որոնց միավորում է բազմամշակույթ Ստամբուլը: Ինչպես տեղեկացնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից, այն կազմված է հինգ խաղարկային նովելներից, որոնց ռեժիսորները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են` հայ, հույն, հրեա, պաղեստինցի և թուրք:

Նախագծի պրոդյուսերը Հուսեյն Կարաբեյն է: Ֆիմի մի մասի հեղինակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Էրիկ Նազարյանն է: Նա ներկայացնում է ուդ նվագող սփյուռքահայ երաժշտի պատմությունը, որը գալիս է Ստամբուլ և փորձում է գտնել իր պապի` ժամանակին հռչակավոր ուդի վարպետի տուն-արհեստանոցը: Մի ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է հայի դաժան ճակատագիրը Թուրքիայում: Գլխավոր դերում ֆրանսահայ դերասան Ժաքի Ներսիսյանն է:

Պրեմիերայի ժամանակ Ստամբուլի կենտրոնում մեծ էկրանից հնչել է «ցեղասպանություն»`«գենոցիդ» բառը:
Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմը դիտել ամռանը` «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: