Լուսին Դինքը ֆիլմ կնկարահանի Վիլյամ Սարոյանի մասին

15:23 • 20.04.11

Մի քանի կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ, ստամբուլաբնակ երիտասարդ ռեժիսոր Լուսին Դինքը կնկարահանի Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմ` «Ճանապարհորդություն Բիթլիս» վերնագրով: Նախագիծը հաղթող է ճանաչվել և «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի սահմանած 30 000 դոլար մրցանակին արժանացել ապրիլի 11-13-ը Ստամբուլում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակում Վավերագրական ֆիլմերի աջակցությանն ուղղված հանդիպմանը: Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցությամբ «Անադոլու Քյուլթուրի» կազմակերպած աշխատանքային հանդիպմանը ներկայացվել էին 30-ից ավելի նախագծեր Թուրքիայից և Հայաստանից, որոնցից ընտրվել և բուն հանդիպմանը քննարկվել են ութը` չորս հայկական և չորս թուրքական:

Լուսին Դինքի` Հրանտ Դինքի եղբոր դստեր ֆիլմը կներկայացնի 1964 թվականին Վիլյամ Սարոյանի՝ Բիթլիս կատարած ուղևորությունը: Նա 11 տարի անց հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել էր այդ ուղևորությանը, հիշել Բիթլիսը` ասելով, որ «քաղաքը աներևակայելի է և վեր է նրանից, թե ինչպիսին էի այն պատկերացնում: Բայց այն մերը չէ: Այն մերն է, բայց պատկանում է ուրիշներին… Սարոյանները հոս են, ուսկի՞ց եկան»:

Ֆիլմում կինոխցիկը պետք է հետևի այն ճանապարհին, որը Սարոյանը անցել է մինչև Բիթլիս և ցույց տա արխիվային լուսանկարներ, նյութեր և այսօրվա Բիթլիսը: Կլինի Սարոյանի երկու պատմվածքների բեմադրում, և վերջում նրա բոլոր հերոսները կհավաքվեն մեկ հարկի տակ`անիմացիայի միջոցով: Նախատեսվում է համագործակցություն հայ անիմատորների հետ:

Նախագծի պրոդյուսերը համշենահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Օզջան Ալփերի եղբայրն է` Սոներ Ալփերը:

Երկրորդ մրցանակին արժանացել է Արթուր Բախտամյանի «Ճանապարհոդություն Նոր տարվա նախօրյակին» նախագիծը: Այն «Անադոլու Քյուլթուրի» կողմից ստացել է տեխնիկական աջակցություն և երկու հազար դոլար: Նախագիծը 90 տոկոսով կֆինանսավորի թուրքական կողմը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նույնպես ցույց կտա տեխնիկական աջակցություն ֆիլմի ստեղծման համար:

Աշխատանքային հանդիպմանը զուգահեռ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Հայ-թուրքական կինոպլատֆորմի նկարահանած 5 կարճամետրաժների համաշխարհային պրեմիերան: Ցուցադրվել են Դիանա Կալդումյանի «Գալաթա», Չանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն», Գյուլենգյուլ Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ», Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ» ֆիլմերը: