Ամերիկյան թանգարանի տնօրենը Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համաշխարհային մակարդակի թանգարան է համարում

13:14 • 22.04.11

Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ) են այցելել Մինեսոտայի համալսարանի Ուայսման արվեստի թանգարանի տնօրեն և գլխավոր կուրատոր Լինդել Քինգը և Մինեապոլիսի «Յամոմոտո Ռոս Մաքքինզի» բրենդինգային գործակալության նախագահ Շելի Ռիգանը:

Ինչպես հայտնում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնից, Ամերիկյան փորձագետները շրջայց են կատարել Կենտրոնի ամբողջ տարածքով, աշխատակազմի և ղեկավարության հետ քննարկել են ԳԱԿ-ի ցուցադրությունները և ծրագրերը:

«Ես հետևել եմ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կայացման տարբեր փուլերին և ուրախությամբ եմ փաստում, որ այսօր այն համաշխարհային մակարդակի թանգարան է: Սա իրական հաջողություն է»,- ասել է Լինդել Քինգը: Նրա կարծիքով` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունները, աշխատանքը և ծրագրերը համապատասխանում են բարձրագույն միջազգային չափանիշերին: