Ժողովրդական երգի մոռացված հերոս. The Guardian-ը հոդված է հրապարակել Կոմիտասի մասին

16:42 • 22.04.11

«Ապրիլի 24-ը Սուրբ Զատկի օրն է, հայերի համար այն նաև Ցեղասպանության հիշատակի օրն է»,- բրիտանական հեղինակավոր The Guardian թերթի հոդվածագիր Մայքլ Չըրչն (Michael Church) այսպես է սկսում Հայոց ցեղասպանությանը նվիրված իր հոդվածը, որը վերնագրված է «Կոմիտաս վարդապետ. ժողովրդական երգի մոռացված հերոս»:

Հոդվածագիրը նշում է, որ այդ օրը ամբողջ աշխարհի հայությունը հավաքվում է ոգեկոչելու 1915-ին Թուրքիայում 1,5 միլիոն հայերի հիշատակը, որոնց մի մասը կոտորվել է, մյուս մասը՝ զոհվել աքսորի ճանապարհին:

«Հայերի համար հիշողություն է նաև երաժշտությունը: Երբ էլ որ նրանք հավաքվում են հիշելու անմեղ զոհերին, երգում են Կոմիտաս վարդապետի երգերը, որոնք բխում են ժողովրդի հոգուց: Ինքը՝ Կոմիտասը, 1915-ի հետապնդումների զոհն էր, ու թեև նա ֆիզիկապես վերապրեց, սակայն խելագարվեց: Հայաստանից հեռու նա էլ անհետացավ պատմության կարպետի տակ»,- գրում է Չըրչը:

The Guardian-ի հոդվածագիրը նշում է՝ Կոմիտասի ժառանգությունը համեստ է՝ 80 երգչախմբային ստեղծագործություն և երգ, հայկական ժողովրդական երգի գործիքավորում և դաշնամուրային որոշ պարեր: «Սակայն ինչպես նրա ավելի հայտնի հայրենակից Արամ Խաչատրյանն է խոստովանում, Կոմիտասը միայնակ ստեղծեց հայ դասական երաժշտության ավանդույթի հիմքերը: Եվ որպես ժողովրդական երգերի բանահավաք ու գործիքավորող, Հայաստանի համար նա արեց այն, ինչ Բարթոկը՝ Հունգարիայի, պարզ նյութը վերածելով հիասքանչ պոլիֆոնիայի: Այն բանից հետո, երբ Կոմիտասը համերգ ունեցավ Փարիզում, Կլոդ Դեբյուսին հայտարարեց, որ ընդամենը մեկ երգի հիման վրա նա արժանի է ճանաչվել որպես մեծագույն երգահան: Չնայած դրան՝ շատ դասական երաժիշտներ չգիտեն նրա անունը»,- գրում է Մայքլ Չըրչը: