Վախճանվել է հայտնի դերասան Միխայիլ Կոզակովը
Այսօր Իսրայելում երկարատև հիվանդությունից հետո 76–ամյա հասակում վախճանվել է հայտնի դերասան և ռեժիսոր Միխայիլ Կոզակովը, Эхо Москвы ռադիոկայանին հայտնել է դերասան Օլեգ Բասիլաշվիլին։
Մինչ այդ հաղորդվում էր, որ հունվարին Կոզակովին շտապ տեղափոխել են Թել Ավիվից ոչ հեռու գտնվող հիվանդանոցներից մեկը. դերասանի մոտ հայտնաբերել են վիրահատության անենթակա թոքերի քաղցկեղ։ Վերջին ժամանակները Կոզակովը գտնվել է հոսպիսում (անհույս հիվանդների հիվանդանոց)։
Միխայիլ Կոզակովն իր առաջին կինոդերը խաղացել է 1956-ին՝ միանգամից գլխավոր դերում՝ մարմնավորելով Շարլին «Սպանություն Դանթե փողոցում» ֆիլմում։ Իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում, որոնց շարքում այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Մարդ–ամֆիբիան», «Կրակոց», «Բարև, ես ձեր մորաքույրն եմ» և այլն։
Որպես ռեժիսոր Կոզակովն իր առաջին աշխատանքը կատարել է 1978-ին։ Նա նկարահանել է «Անանուն աստղ» ֆիլմը՝ նրանում խաղալով գլխավոր դերերից մեկը։
Վերջին ժամանակները դերասանը ներկայացումներ էր բեմադրում՝ միևնույն ժամանակ խաղալով «Միխայիլ Կոզակովի ռուսական անտրեպրիիզ» թատրոնում։










