«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին կցուցադրվի Նիդեռլանդներում

15:22 • 28.04.11

Մայիսի 6-15-ը Նիդերլանդներում Filmhuis Den Haag-ը The Best of Golden Apricot International Film Festival խորագրի ներքո կներկայացնի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010թթ. ֆիլմերի ընտրանին:

Ֆիլմերի ցուցադրություններին հաջորդող քննարկումներին ներկա կլինեն հայ և արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ և տարբեր փառատոների ներկայացուցիչներ:

Կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի՛ նայիր հայելուն», Դիանա Կարդումյանի «Աշնան արև» ֆիլմերը, ինչպես նաև վերջին երկու տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակից Սիդիք Բարմաքի «Ափիոնի պատերազմ», Գեորգ Օվաշվիլիի «Մյուս ափին», Անդրեյ Խրժանովսկու «Մեկ և կես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք», Լևան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Ռեհա Էրդեմի «Կոսմոս», Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմերը:

Բացի այդ՝ մայիսի 6-15-ը Նիդերլանդներում կբացվի լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ուրախ օր…» խորագրով ցուցահանդեսը:
Մայիսի 8-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում նախատեսվում է քննարկում փառատոնի հյուրերի հետ։ Հայաստանից ցուցադրություններին ներկա կլինեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, կինոռեժիսորներ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը: