Մինասի երկու որմնանկարներ անժամկետ ու անհատույց իրավունքով կտրամադրվեն «Զվարթնոցին»

12:14 • 28.04.11

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջոցներով Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» փակ բաժնետիրական ընկերության շենքերում գտնվող որմնանկարների տեղափոխման և վերականգնման մասին որոշումը:

Ինչպես կառավարության նիստում տեղեկացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, դա վարչապետի հանձարարությունն է, որի նպատակը Մինաս Ավետիսյանի որմնանկարները ոչնչացումից փրկելն է:

Նախարարի խոսքով` որոշման համաձայն` անժամկետ ու անհատույց իրավունքով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությանը կտրամադրվի Մինաս Ավետիսյանի որմնանկարներից երկուսը, այն պայմանով, որ դրանք համապատասխան պայմաններով տեղափոխվեն, վերականգնվեն, պահպանվեն և փակցվեն օդանավակայանում:

«Այսինքն` սեփականության իրավունքը մնո՞ւմ է պետությանը»,- ճշտեց վարչապետը: «Անպայման»,- արձագանքեց նախարարը:

«Այսուհետև օդանավակայանում մեր բոլոր քաղաքացիները կարող են վայելել Մինասի այս հիասքանչ որմնանկարները: Մեծ դիմադրություն կա, ասում են` ոնց կարելի է մասնավորին տալ: Բա ավելի լավ ա փչանա՞ն այդ որմնանկարները»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ որմնանկարներից մեկը կփակցվի պատվավոր հյուրերի, մյուսը` ընդհանուր սրահում: