Արգենտինացի դիրիժորը ցանկանում է «Անուշը» տեսնել արգենտինական բեմում

17:29 • 28.04.11

«Տանգո» փառատոնի շրջանակում վաղը Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում դիրիժոր արգենտինացի Ֆակունդո Ագուդինի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն կոմպոզիտոր, վիրտուոզ բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանը, դաշնակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը և Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ)։ Այս մասին այսօր հայտնեց համերգի կազմակերպիչը՝ «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը։ Նրա խոսքով՝ հենց Ագուդինի առաջարկով է այս տարի երևանյան փառատոնին միացել Նիսինմանը։

««Տանգո» շարժումը սկսել է հենց «Կադանսից»։ Այս տարվա փառատոնը կսկսվի վաղվա համերգով»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս տարի նախատեսվում է 8 համերգ անցկացնել Երևանում։

Ագուդինն իր խոսքում նշեց, որ Երևանում գտնվելն իր համար մեծ հաճույք է, քանի որ հայկական մշակույթի հետ առնչվել է դեռ մանկուց։ Նա ցավով նշեց, որ Բուենոս Այրեսի ամենամեծ՝ «Կոլոն» օպերային թատրոնում նախատեսված «Անուշ» օպերայի բեմադրությունը հայտնի պատճառներով չեղյալ է հայտարարվել («Կոլոնը» սնանկացել է), սակայն հույս հայտնեց, որ 2012-ին Արգենտինայի մեկ այլ քաղաքում հնարավոր կլինի «Անուշ» բեմադրել, քանի ոչ, ըստ դիրիժորի, այն «ավանդականի ու ժամանակակիցի բացառիկ խառնուրդ է, որը մեծ հնչեղություն կունենա Լատինական Ամերիկայում»։

Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Միգել-Անխել Կունեոն, ով կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց արգենտինական մշակույթը Հայաստանում տարածելու համար, նաև նշեց, որ հայ-արգենտինական փոխհարաբերությունները, բացի մշակութայինից, հետագայում այլ ոլորտներ կընդգրկեն։ Մասնավորապես, նախատեսվում է զարկ տալ թարգմանական գրականությանը։

Համերգին կհնչեն Պիացոլլայի, Ջինաստեռայի, Վեբերի, Շոպենի ստեղծագործություններից։

Համերգի կազմակերպիչն է «Կադանս» երաժշտական կենտրոնը, հովանավորն է Մշակույթի նախարարությունը, աջակցել է MEZZO Prodaction-ը։ Ընդհանուր առմամբ, ըստ Բաբայանի, փառատոնի անցկացման համար տրամադրվել է «մոտավորապես» 120 հազար եվրո։