Աճուրդի է հանվել Ֆրիդա Կալոյի ամենափոքր ինքնադիմանկարը
Sotheby's աճուրդի տունը վաճառքի է դրել լատինամերիկյան արվեստի հետաքրքիր նմուշներից մեկը` մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ամենափոքրիկ ինքնադիմանկարը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինքնադիմանկարի չափը ընդամենը 5x3,8 սմ է:
Աճուրդի տան ներկայացուցիչ Կարմեն Մելիանի խոսքով` այդ դիմանկարը առանձնահատուկ է մի քանի առումներով, բացի այդ` այն նկարչուհու ամենասեքսուալ ինքնադիմանկարն է: «Ի տարբերություն մյուս ինքնադիմանկարների` այստեղ նկարչուհին ոչ թե իր դիմաց է նայում, այլ կարծես մի փոքր այլ ուղղությամբ: Որոշ նկարներում Կալոյի այդ հայացքը ոչինչ չի արտահայտում, բայց այստեղ նա թողնում է կոկետուհու տպավորություն»,- ասել է Մելիանը:
Ինքնադիմանկարը Կալոն հատուկ վրձնել է իր սիրեկանի` Ժոզե Բարտոլիի համար, որի հետ նկարչուհու հարաբերություններն սկսվել էին 1940-ականների կեսերին և շարունակվել մինչև վերջինիս մահը:
Ինքնադիմանկարն առաջին անգամ չէ, որ աճուրդի է դրվում. 2000թ. այն վաճառվել էր 225 հազար դոլարով: Փորձագետների կարծիքով` այս անգամ հավաքորդները նկարի համար հնարավոր է վճարեն անգամ 1,2 միլիոն դոլար:
Ֆրիդա Կալոն մեքսիկացի ամենահայտնի նկարչուհին է: Նրա աշխատանքների աճուրդային ռեկորդը սահմանվել է 2005թ. «Արմատներ» կտավի համար: Այն վաճառվել է 5, 61 միլիոն դոլարով:
Աճուրդը կանցկացվի մայիսի 25-ին Նյու Յորքում:










