«Ուրախ հեքիաթներ քնից առաջ». Լույս է տեսել նկարազարդ հեքիաթների գրքույկ՝ սկավառակով

08:10 • 04.05.11

Հրատարակվել է «Ուրախ հեքիաթներ քնից առաջ» մատենաշարը։ Այն ընդգրկում է հայկական ժողովրդական և հայ գրողների հեքիաթները աշխարհի ժողովուրդների լեզուներով (ռուսերեն, ուկրաիներեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, թուրքերեն, քրդերեն, չինարեն, ճապոներեն, հնդկերեն, պարսկերեն, արաբերեն և կորեերեն)։ Այս մասին Tert.am-ին հաղորդեց ծրագրի հեղինակ և հրատարակիչ Ռիչարդ Գիդաչյանը։ «Փաթեթում դեռ ընդգրկված է երկու հեքիաթ, սակայն հույս ունենք դրանք բազմապատկել»,- նշեց նա։

Տարբեր լեզուներով հրատարակված հեքիաթները ձայնագրված են առանձին CD-ների վրա. ձայնագրությունները երեխան կարող է լսել, երբ մեծերը զբաղված են և չեն կարող իր համար հեքիաթ կարդալ։ «Հեքիաթից հետո հնչում է օրորոցային երաժշտություն։ «Բարեկենդանը» հեքիաթին հաջորդում է Բարսեղ Կանաչյանի «Օրորը»՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ, «Սուտասանին»՝ Մարտին Վարդազարյանի «Օրորոցայինը», իսկ, ասենք, չինական տարբերակում կա նաև մի քառյակ չինական օրորոցային, որ ձայնագրել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող չինուհուց»,- ասաց հեղինակը։

Ըստ Գիդաչյանի՝ բոլոր լեզուներով թարգմանությունները կատարել են բարձրակարգ մասնագետներ, իսկ ձայնագրվելու համար ընտրվել են լեզվակիրները: «Ուկրաինական տարբերակը, օրինակ, թարգմանել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն և ինքն էլ ընթեցել է։ Դա կարևոր է ոչ միայն նույն հեքիաթի հիմքով տարբեր լեզուներ սովորել ցանկացողների, այլ հատկապես այդ լեզուն կրող երեխաների համար»,- նշեց նա։

CD-ում կան նաև գրքերի նկարների գունազրկված՝ ուրվագծային տարբերակները։ Ծնողները դրանք կարող են տպել և տալ երեխային՝ ներկելու։ Երեխան կարող է ընդօրինակել գրքից կամ ստեղծագործաբար ընտրել գույներ ու նախշեր։

Հեղինակը նշեց, որ այս նախագիծն ուշադրություն է գրավել 2010թ. Մոսկվայի գրքի ավանդական միջազգային ցուցահանդեսում, ուր պատվիրվել է 420 օրինակ, Ֆրանսիայում և Չինաստանում 2010թ անցկացված միջազգային ցուցահանդեսներում, 2011թ. Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսում։ «Որպես մանկավարժ-հոգեբան՝ այս ծրագիրը ես մշակել եմ՝ հաշվի առնելով մանկական նախասիրությունների առանձնահատկությունները։ Նրանք սիրում են նույն հեքիաթը լսել նորից ու նորից, և ձայնագրությունների առկայությունը բավական հեշտացնում է ծնողների գործը՝ երեխան լսում է հեքիաթը, հետո՝ օրորոցայինը, սովորում է հայ օրորոցային. և ոչ միայն հայ երեխան է սովորում, այլև այլազգիները, իրենց լեզվով լսում են հայկական հեքիաթ, և սովորում հայկական օրորոցային»,- ասաց նա։