Գոգենի փայտե արձանիկը վաճառվել է 11,3 մլն դոլարով

10:24 • 04.05.11

Ֆրանսիացի հայտնի նկարիչ, քանդակագործ, կավագործ Պոլ Գոգենի «Երիտասարդ թայիթիեցի աղջիկը» փայտե արձանիկը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 11,3 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Կիսանդրին զարդարված է մարջանների և խխունջների ուլունքներով, որոնք որ Գոգենը հավաքել էր Թայիթիում ապրելու ժամանակ։

Արձանիկը պատրաստված է Թայիթիի ցեղերի սուրբ ծառից՝ թամանուից, ականջները՝ շիմշատից։ Աղջկա ձախ ականաջն ի սկզբանե զարդարված է եղել ծաղիկով։ Հետևի կողմից՝ աղջկա պարանոցի վրա երկու աղվեսների պատկեր է. նշան, որը Գոգենը հաճախ է օգտագործել իր ստեղծագործություններում։

Մոտ 25 սմ բարձրությամբ այդ արձանիկը համարվում է գեղանկարչի միակ ավարտուն կիսանդրին։

1894թ. Գոգենն արձանիկը նվիրել է իր ընկերոջ աղջկան՝ 10 ամյա Ժաննա Ֆուրնեին, քանի որ այդ աղջկան խոստացել էր ինչ–որ բան բերել ճամփորդությունից։ 1961թ. Ֆուրնեն այն նվիրել էր Դոմինիկյան միաբանության մի քահանայի: Դրանից հետո մոտ 50 տարի կիսանդրին անհասանելի է եղել հանրությանը, իսկ աճուրդներում չէր հայտնվել։