2012-ին Հայաստանը կհովանավորի LA Times-ի Գրքի փառատոնը

13:32 • 06.05.11

Նախագահի հովանավորությամբ՝ Հայկական գրատպության 500 ամյակի շրջանակում, առաջին անգամ Հայաստանը մասնակցեց LA Times թերթի կազմակերպած ամենամյա Գրքի փառատոնին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքով և ՀԲԸՄ համահովանավորմամբ, փառատոնին ներկայացվել է հայկական մշակութային ժառանգությունը՝ Նարեկացուց մինչև ժամանակակից հայ գրողների լավագույն հավաքածուները, պատմության, արվեստի տարբեր բնագավառների օտարալեզու և հայերեն գրականություն, պատկերազարդ մանկական գրքեր, տեսերիզներ ու ձայնասկավառակներ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հայկական տաղավարն առանձնացել է հատուկ ձևավորմամբ և այն LA Times-ի կողմից ճանաչվել է ամենեգեղեցիկ տաղավարներից մեկը:

Ողջունելով հայ և օտար այցելուներին՝ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը խոշորագույն փառատոնին կարևոր քայլ է՝ Հայկական գրատպության 500-ամյա ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իմաստով, և մեծ պատասխանատվություն է երկու օրերի ընթացքում այն պատշաճ մատուցել՝ առաջին տպագիր գրքից մինչև էլեկտրոնային
գրականություն:

Առանձին ներկայացվել են նաև ՀԲԸՄ Վիրտուալ հայկական համալսարանը, Կոմիտաս վարդապետի կյանքը ներկայացնող էլէկտրոնային գիրքը, Սարոյանի ծննդյան 100 ամյակի առիթով տպագրված՝ գրողի լուսանկարների ժողովածուն:


Հայկական տաղավարն այցելուներին հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Փառատոնի երկու օրերի ընթացքում ընթերցասերների համար հնարավորություն է ստեղծվել զրուցել հայ ժամանակակից գրողների հետ, ովքեր իրենց հերթին փառատոն էին բերել իրենց ժողովածուները:

Հայկական տաղավարում հնչել է ազգային երաժշտություն, այցելուներին բաժանվել են օտարալեզու գրականության նմուշներ և հայկական մանրանկարչության դրվագներով պատկերազարդված շապիկներ:

Խոշորագույն փառատոնին հայկական առաջին ներկայությունը ողջունել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը, ով ներկայացրել է ժամանակակից անգլալեզու գրականությունը հայերի ցեղասպանության մասին։

Փառատոնի ավարտին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մշակույթի նախարարի առաջարկով հաջորդ տարի Հայաստանը կստանձնի LA Times-ի Գրքի փառատոնի գլխավոր հովանավորի դերը: