Երանի ծնվեր օտար այն մեկը, որը հավերժացներ Արցախյան հերոսամարտը ևս. Մարի Ռոզ Աբուսեֆյանը կներկայացնի «Մուսա լեռան 40 օրը»
Մայիսի 16-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո) հանդիսատեսին կներկայացնի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» մենաներկայացումը։ Այս առթիվ Tert.am-ը զրուցել է դերասանուհու հետ, ով շարունակում է ԱՄՆ-ում իր դերասանական կարիերան։ Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված այս ներկայացման ընտրությունը, նա պատասխանեց՝ «մեր ժողովրդի կարիքներով»։
«Թեման ոչ միայն հոգեհարազատ է, այլև հայերիս համար հրատապ: Քանի դեռ չենք հասել մեր պահանջատիրության, մեր իրավունքների լիիրավ վերականգնմանը, այս նյութերն անվերջ հնչելու են յուրաքանչյուր հայի քունքում: Ոչ միայն նյութի հզորությունը, այլև այն, որ մեր հանդեպ կատարված դժոխային ոճրագործությունը աշխարհով մեկ լսելի դարձրեց օտար մի գրող, ինձ ստիպում է այն կրկին ու կրկին հնչեցնել, որ միշտ պայքարի ոգով մոտենանք մեր պահանջատիրությանը, երբեք չմտածենք զիջման կամ մոռացման մասին»,- ասաց դերասանուհին։
Վերջինս ինքնուրույն է գրում իր ներկայացումների սցենարը, զբաղվում երաժշտական ձևավորմամբ, բեմադրմամբ։ Պատճառը, ըստ նրա, մենաներկայացման բեմադրման համար անհրաժեշտ ֆինանսական մեծ ծախսերից խուսափելն է։
Սկսած 1987-ից՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը դերասանուհին խաղացել է շատ բեմերում։ Նրա խոսքով՝ իր համար ամենանշանակալիցը Այնճարում՝ «բնիկ մուսալեռցիների առջև այն ներկայացնելն էր»:
«Հուզումով սպասում եմ նաև Արցախում այն ներկայացնելուն: Երանի ծնվեր օտար այն մեկը, որը հավերժացներ Արցախյան հերոսամարտը նույնպես»,- անկեղծացավ դերասանուհին:
Մարի Ռոզ Աբուսեֆյանն առաջինն է, ով հայ բեմ բարձրացրեց մեկ դերասանուհու կատարումը։










