Ազգային մշակույթը խորթ բարեկամի վիճակում է. Գագիկ Գինոսյան
«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը ապրիլի 25-30-ը Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում հայկական երգերի ծաղկաքաղով մասնակցելով Ազգային պարերի համաշխարհային մրցույթ-փառատոնին, Պարային մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի, իսկ «Կարինի» հնչեցրած երաժշտությունը՝ 3-րդ մրցանակի։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։
«8 րոպեանոց ծրագրում մենք 8 հայկական պարեր ու տարբեր ծեսեր ներկայացրինք։ Ամբողջ Հայկական լեռնաշխարհը՝ Կարին, Սասուն, Վասպուրական, ընդգրկել էինք մեր պարի մեջ։ Դա հայ պարի հաղթանակն էր ընդհանրապես»,- ասաց Գինոսյանը՝ ընդգծելով, որ հայկական պարը հայտնություն է եղել շատերի համար։
Հայաստանն առաջին անգամ է մասնակցել 25 տարվա պատմություն ունեցող այդ մրցույթին։ Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև Ադրբեջանն ու Վրաստանը, սակայն չեն ներկայացել մրցույթին։ Մրցույթի մասնակից երկրներից Թուրքիան հանդես է եկել ներկայացուցչական՝ 48, իսկ «Կարինը»՝ 16 հոգանոց խմբով։ Ըստ Գինոսյանի՝ Թուրքիային մրցույթում «անհասկանալիորեն» շնորհվել է գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակ, թեև ներկայացված չի եղել ոչ մի անվանակարգում։ Թուրքիան որպես թուրքական երգ ու պար է ներկայացրել համշենահայերի երգն ու պարը։ «Իրենց ելույթն ուղղակի մեր Ցեղասպանության շարունակությունն էր։ Մտան ու պարեցին հիմնականում համշենահայերի պարերը»,- ասաց Գինոսյանը։
Նա անդրադարձավ նաև ազգային մշակույթի նկատմամբ Հայաստանում առկա վերաբերմունքին. «Առնվազն ցավալի է, որ մեր երկրում ինչ տեսակ համերգներ ասես կազմակերպվում են բարձր հովանու ներքո, բայց ազգային մշակույթը խորթ բարեկամի վիճակում է, և ոչ մի ատյան, ոչ մի ազգային ուղղվածություն ունեցող նաև անհատ ձեռներեց կամ կազմակերպություն ոչ մի կերպ չի աջակցել»: Ըստ Գագիկ Գինոսյանի՝ իրական ազգի դեմքն ազգային մշակույթն է և ոչ տարբեր մրցույթները, որոնք «շատ հաճախ օրը 15 անգամ լուսաբանվում են»։
«Կարինի» գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ Մշակույթի նախարարությունը հոգացել է Իսպանիայում համույթի անդամների կեցության ծախսերը (շուրջ 3500 եվրո), իսկ ճանապարհածախսը՝ շուրջ 17-20 հազար եվրո, հոգացել են «Կարինի» ընկերները՝ մոսկվաբնակ գործարար Ռաֆայել Աբրահամյանը, Գինոսյանի հայրենակիցները՝ ծնունդով Ախալցխայից Սոս Սահակյանը («Սովռանո» ընկերության նախագահ), Իվան Մուսոյանը («Մանչո գրուպ» ընկերության նախագահ), վրաստանաբնակ Սամվել Ավետյանը։ Ֆինանսապես օժանդակել են նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Ենիգոմշյանը։










