Բոլորս պետք է այս պահին աջակից լինենք Էմմիին. Ալեքսան Հարությունյան
«Մենք բոլորս պետք է այս պահին աջակից լինենք Էմմիին, որովհետև կյանքը շարունակվում է, նա պիտի շարունակի երգել, պիտի շարունակի համերգների մասնակցել, պիտի շարունակի այլ մրցույթների մասնակցել»,– այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ Tert.am-ի խնդրանքով անդրադառնալով «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիի կրած պարտությանը։ Ասուլիսին մասնակցում էր նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ալեքսան Հարությունյանը նշեց, որ թեև 2005–ից «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցող Հայաստանը ավանդաբար անցել է եզրափակիչ փուլ և լավագույն տասնյակում է եղել, սակայն խորհուրդ տվեց այսօրվա իրավիճակը ողբերգության չվերածել։ «Պետք է ուղղակի հանգիստ նայել, հաջորդ տարիներին էլ են մասնակցություններ լինելու։ Հիմա պետք է ուղղակի աջակցել, որպեսզի Էմմին զգա, որ բոլորը իր կողքին են, միայնակ չեն թողնում»,– ասաց բանախոսը։
Նրա խոսքով՝ քիչ երկրներ կան հենց նույն Եվրոպայում, որոնք այդ մրցույթում լուրջ հաջողություններ են ունեցել և եզրափակիչ փուլ են անցել։ «Չպետք է մոռանալ, որ սա մրցույթ է, և բազմաթիվ պատճառներով կարող են նաև այլ արդյունքներ լինել։ Երեկ ոչ միայն Հայաստանը չանցավ եզրափակիչ, այլ նաև Թուրքիան, որը նույնպես միշտ եզրափակիչում է եղել և միշտ բարձր տեղեր է գրավել»,– ասաց նա։
Ալեքսան Հարությունյանը նշեց, որ մրցույթի շրջանակում Էմմիի շրջագայությունները, նախորդ մասնակիցների շրջագայությունների համամետ, ավելի շատ են եղել։ Նա կարևորեց նաև Էմմիի երգի տեսահոլովակում Արթուր Աբրահամի մասնակցությունը՝ նշելով. «Արթուր Աբրահամը գերմանացիների համար իրենց Լևոն Արոնյանն է»։
Հարցին ցանկացավ պատասխանել նաև Արմեն Աշոտյանը: «Ամբողջությամբ միանում եմ պարոն Հարությունյանի կոչին, որ իրոք պետք է սատարենք Էմմիին։ Անկեղծ խոստովանենք, որ բոլորս դրոշները կվերցնինք և կգնայինք հրապարակ, եթե նա առաջին տեղը զբաղեցներ, և պատրաստ կլինեինք կիսելու նրա հաջողությունը։ Հիմա ստացվել է այնպես, ինչպես ստացվել է։ Դա չի նշանակում, որ մեր պոտենցիալ հերոսին պետք է մատնենք անհաջողակի,- ասաց նա և հավելեց:- Տարիներ շարունակ սկեպտիկները գրում էին, թե Հայաստանն իր երաշխավորված ութերորդ տեղն ունի։ Հիմա տեսաք, որ միշտ չի, որ դա... Մենք մեր ունեցածը պետք է նաև գնահատենք, չասենք, թե՝ դե արդեն կա ու ինքնըստինքյան միշտ այդպես պետք է լինի»։
Ալեքսան Հարությունյանն ասաց, որ առայժմ դեռ վաղ է հաջորդ մրցույթի մասնակցի մասին խոսելը։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ մանկական «Եվրատեսիլի» ընտրությունը պետք է կատարվի, որն անցկացվելու է այս տարվա դեկտեմբերին, Հայաստանում։










