Մարդկանց խրամատներում սերն է պահել. ներկայացվեց «Պատմություններ պատերազմի ու խաղաղության մասին» ֆիլմը
«Երբ այս ֆիլմն անում էի, մտածում էի՝ այն կհետաքրքրի միայն հայերին, բայց ստացվեց այնպես, որ ֆիլմը թարգմանվեց 15 լեզվով, ստացավ մոտ 20 միջազգային մրցանակ»,- ներկայացնելով «Պատմություններ պատերազմի ու խաղաղության մասին» լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ ասաց «Բարս մեդիա» վավերագական ֆիլմերի ստուդիայի հիմնադիր, ֆիլմի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը։
Արցախյան հերոսամարտին նվիրված ֆիլմի առաջին մասը նկարահանվել է 1994թ. Հակոբ Կամարի կռիվների ժամանակ (խմբի 80 անդամների 1/3-ը զոհվել է կռվի դաշտում), երկրորդը՝ ավելի քան 10 տարի հետո։
«Սա շատ պարզ, հասարակ ֆիլմ է, որովհետև մենք պատմում ենք հասարակ զինվորների մասին։ Այս ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր հաղթահարել են այդ պատերազմը»,- նշեց նա։
Ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի իշխանական ու հասարակական թևերում, որոնք արտերկրում ամեն կերպ փորձել են բոյկոտել ֆիլմի ցուցադրությունը։ «Գիտեք, ֆիլմի մեջ չկա որևէ խոսք Ադրբեջանի մասին, այնտեղ ատելություն չկա, քանի որ ատելությունով անհնար է հաղթել պատերազմը։ Հիմնական ուժը, որ պահել է մարդկանց խրամատներում, սերն է եղել»,- ընդգծեց ռեժիսորը։
Ի հավելումն դրա՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի տնօրենի խորհրդական Արման Սաղաթելյանն ասաց, որ Ադրբեջանի համար ցանկացած ճշմարտություն վտանգավոր է։ «Դա լուրջ վտանգ է նրանց գաղափարախոսության համար։ Այնքան անհեթեթ փաստարկներ են բերում, որ խայտառակ են լինում։ Իրենք իրենց են վարկաբեկում, թող անեն։ Ինչով կարող ենք, կօգնենք»,- ասաց նա։
Ֆիլմը 2007թ. Երևանում ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ու ճանաչվել «Լավագույն վավերագրական ֆիլմ»։ Այն ցուցադրվել է աշխարհի մի շարք առաջատար հեռուստաընկերություններով՝ BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ), WDR (Գերմանիա), АРТЕ (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա), արժանացել 20-ից ավելի մրցանակների (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, Նյու Յորքի «Թրայբեկա» կինոփառատոնում «Լավագույն նոր վավերագրական կինոռեժիսոր» ևն)։
Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Պատմություններ պատերազմի ու խաղաղության մասին» ֆիլմի պրեմիերան։










