Էմմին չի կարող բողոքարկել, այդ իրավունքը Հանրայինինն է. Էմմիի մենեջեր

12:10 • 14.05.11

Հայաստանյան լրատվամիջոցները նախօրեին ողողված էին այն տեղեկատվությամբ, թե «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում պայքարից դուրս մնացած Հայաստանի ներկայացուցիչ Էմմին բողոքարկել է մրցույթի արդյունքները։ Այդ լուրը, սակայն, պատոնապես չհաստատվեց։ Իսկ արդեն երեկոյան լուրեր տարածվեցին, թե Էմմիի մայրը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում հերքել է նշված տեղեկատվությունը։

Երգչուհին իր էջում գրել է. «Սիրելիներս, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են առ այսօր, ովքեր հավատացել են և հավատում են Էմմիին։ Ուզում եմ ասել, որ Էմմին չի բողոքարկել, որովհետև «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հ1-ն է։ Միայն Հ1-ը կկարողանա ինչ-որ գործողություն անել, որը ևս չի բողոքարկել։ Մանրամանսերը՝ մամլո ասուլիսի ժամանակ, երբ կվերադառնան»։

Tert.am-ի հետ զրույցում Էմմիի մենեջեր Վարդան Գրիգորյանը նշեց. «Էմմին երգչուհի է, նա բողոքարկման հարցով չի զբաղվում։ Այդ իրավասությունն ու մենաշնորհը միայն Հանրային հեռուստատեսությանն է։ Ճիշտ է՝ լուրեր կան, որ Էմմին է բողոքարկել, բայց Էմմին նման իրավունք չունի»,- ասաց մենեջերը։ Նա նշեց, որ իրականաում այս պահին տեղյակ չէ՝ բողոքարկվե՞լ են մրցույթի արդյունքները, թե՞ ոչ։

«Առաջիկա երկու ժամվա ընթացքում ես կփորձեմ ճշտել։ Գիտենք, որ 4 երկիր բողոքարկել է, բայց չգիտենք՝ Հայաստանն այդ երկրների թվո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Վարդան Գրիգորյանը։

Tert.am-ի՝ բողոքարկման վերաբերյալ հարցին նախօրեին Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը միայն «sms» հաղորդագրությամբ հետևյալ կարճ պատասխանն էր տվել՝ «պատասխան դեռ չկա»՝ այդպես էլ չմանրամասնելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Գոհար Գասպարյանը երեկ երեկոյան հաղորդագրություն էր տարածել, որում դարձյալ բողոքարկման մասին հիշատակում չկա։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչում հաղթել էին Վրաստանի, Ադրբեջանի, Հունաստանի, Լիտվայի, Սերբիայի, Ռուսաստանի և Իսլանդիայի ներկայացուցիչները։ Եզրափակիչ փուլում նրանց կմիանան Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակիցները։

Մայիսի 12-ին երկրորդ կիսաեզրափակիչի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել Իռլանդիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Ավստրիայի, Էստոնիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի և Սլովենիայի ներկայացուցիչները։

Էմմին եզրափակիչ փուլ չանցավ 20 երկրների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով:

Քվեարկող երկրներն էին Լեհաստանը, Նորվեգիան, Ալբանիան, Թուրքիան, Սերբիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Ֆինլանդիան, Մալթան, Սան-Մարինոն, Խորվաթիան, Իսլանդիան, Հունգարիան, Պորտուգալիան, Լիտվան, Ադրբեջանը, Հունաստանը, Իսպանիան և Մեծ Բրիտանիան: