Հակոբ Հակոբյանի «Հողեղեն գույների երգը» ցուցադրվում է «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում (լուսանկարներ)
«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում բացվել է ժամանակակից հայ նկարիչ Հակոբ Հակոբյանի գեղանկարների և քանդակների ցուցահանդեսը՝ «Հողեղեն գույների երգը» խորագրով։ Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մահրաբյանը, այստեղ ներկայացված են նկարչի թե վաղ շրջանի, թե վերջին շրջանի ստեղծագործություններից։
«Թանգարանային շաբաթը որոշեցինք սկսել ժամանակակից հայ գեղանկարչության կենդանի լեգենդ Հակոբ Հակոբյանի աշխատանքների ցուցադրությամբ, ինչը մեծ և գեղեցիկ նվեր է արվեստասերների համար»,- նշեց նա։ Որպես մարդկային ֆիգուրներ ներկայացված մարմարե քանդակները, մանեկեններն ու աշխատանքային գործիքները՝ ներկայացված յուրահատուկ սիմվոլիկայով, ըստ նրա, մեծ խորհուրդ են կրում, և շատ հետաքրքիր են իրենց ժամանակակից յուրօրինակ լուծումներով։
Հակոբ Հակոբյանը գունային իր ընտրության մասին խոսելիս նշել է, որ իրեն դուր են գալիս բոլոր գույները, սակայն հաճախ իր շատ սիրած գույները՝ վառ կարմիրը, կապույտը, հարմար կիրառություն չեն գտնում. փորձում է օգտագործել, բայց հետո նորից վերադառնում է իր «հողեղեն» գուներին։ «Ես չեմ հասկանում, երբ ասում են՝ անճաշակ գործ է,- նշել է նա՝ խոսելով «փողոցային արվեստի մասին»,- ես սիրում եմ անցումներում ու ամենուր կանգնել ու դիտել նկարներ. դրանք միշտ հետաքրքիր են՝ մարդիկ ստեղծել են, իրենց հոգուց արարել, դուրս բերել, մեզ են ներկայացնում»։
Վերջին շրջանում Հակոբ Հակոբյանն առավել հաճախ է օգտագործում գործիքներով ստեղծված կերպարներ։ «Երբեմն Վերնիսաժից գնում եմ գործիքներ ու չեմ էլ իմանում, թե դա՝ որպես ինչ ու ինչպես եմ օգտագործելու. իսկ հետո այդ քանդակները կյանք են առնում»,- ասել է նկարիչը։
Գաֆոսճյան արվեստի կենտրոնի Հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Աննա Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված նկարների՝ հատկապես ուշ շրջանի գործերում առավել ընդգծված է նկարչի խոհափիլիսոփայությունը՝ խորհրդանիշների միջոցով ներկայացված նուրբ ու սուր հումորով. ««Սիրո պարտեզ» շարքից ընտրված նկարներում մեկ իրավիճակում տարբեր կերպարների տարբեր ընկալումներն են արտացոլված, որ նա ընդգծել է գույների, կեցվածքների միջոցով։ Պայքարի ու սիրո, կյանքի ու մահվան միաձուլված հակադրումները նրա աշխատանքները դարձնում են խորը-իմաստուն ու միևնույն ժամանակ սրամիտ-խորհրդավոր»,- նշեց Աննա Սիմոնյանը։
«Հողեղեն գույների շարքը» «Գաֆեսճյանում» ներկայացված կլինի մինչև օգոստոսի 14-ը։
Այսօր մինչև կեսգիշեր և մայիսի 18-ին մուտքը կլինի անվճար։

.jpg)













