Հայ-ուկրաինական համագործակցությամբ կնկարահանվի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» ֆիլմը

18:57 • 17.05.11

Հայաստանի ազգային կինոկենտրոնը դեռևս 2010 թ. ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, միանում է «Ինտերֆիլմ Պրոդաքշըն» ստուդիայի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» նոր խաղարկային ֆիլմի համատեղ արտադրությանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում մայիսի 17-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և ֆիլմի ծրագրի պրոդյուսեր Օլենա Ֆետիսովան պայմանավորվել են ստորագրել համատեղ արտադրության համաձայնագիր: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանում ֆիլմի նկարահանման աշխատանքների ամբողջ գումարը կտրամադրի Հայաստանի ազգային կինոկենտրոնը:


Ֆետիսովան նշել է, որ ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 900 հազար եվրո, որի 50 տոկոսը տրամադրում է ուկրաինական կողմը: Այս ծրագրում ֆինանսական ներդրումները կկատարեն նաև ֆրանսիական, շվեդական և վրացական կողմերը:

100 րոպե տևողությամբ խաղարկային (դրամա ) ֆիլմի ծրագիրը յուրօրինակ վերաբերմունք է 20-րդ դարի մեծագույն ռեժիսորի հիշատակին և նրա թողած անգնահատելի ժառանգությանը:

Սերգեյ Փարաջանովի կերպարը կմարմնավորի ֆրանսահայ դերասան, Կաննի 2010 թ. մրցանակակիր Սերժ Ավեդիքյանը: