Ռեժիսոր ֆոն Տրիերը ներողություն է խնդրել հրեաներին վիրավորելու համար
Դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը, որը երեկ Կաննի կինոփառատոնի ժամանակ հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ, ներողություն է խնդրել իր խոսքերի համար, հաղորդում է utro.ru-ն։
Երեկ՝ մայիսի 18-ին Կաննի 64-րդ կինոփառատոնին, ներկայացնելով իր նոր «Մելանխոլիա» ֆիլմը, ֆոն Տրիերը սկանդալային հայտարարություն է արել. պատասխանելով իր գերմանական արմատներին վերաբերող հարցին, ռեժիսորը հայտարարել է, որ հասկանում է Հիտլերին, և ավելացրել, որ հրեաների դեմ ոչինչ չունի, և դատապարտում է Հոլոքոստը։ Այնուհետև, չկարողանալով կառավարել իր իսկ կազմած երկար նախադասությունը, ասել է. «Լավ, այո´, ես նացիստ եմ»։
Կաննի կինոփառատոի տնօրինությունը հայտնել է, որ ապշած է ռեժսիորի արած հայտարարությունից և նրանից բացատրություն է պահանջել։
«Նա բացատրեց, որ սադրանքի է ենթարկվել։ Նա ներողություն է խնդրում։ Փառատոնի տնօրինությունը դա ընդունում է ի գիտություն»,- ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Տնօրինությունը նաև հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որպեսզի միջոցառումը վերածվի այդպիսի հայտարարությունների բեմի։










