Հայաստանը կմասնակցի ԱՊՀ 20–ամյակին նվիրված մեծ ցուցահանդեսին

11:24 • 20.05.11

Այս տարվա հունիսի 28–ից հուլիսի 3–ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ 20–ամյակին նվիրված մեծ ցուցահանդես, որին կմասնակցեն նաև ԱՊՀ երկրների ներկայացուցիչները։

Այս մասին կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ցուցահանդեսին պատշաճ մակարդակով ներկայանալու համար կառավարությունից խնդրելով շուրջ 25 մլն դրամ։ Ըստ նախարարի՝ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն իրականացվելու են Էկոնոմիկայի նախարարության առևտրային ներկայացուցչության և Զարգացման հայկական գործակալության միջոցով։

Աշխատանքների համար անհրաժեշտ գումարը հատկացնելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Մենք պիտի արագացնենք այս գործընթացը։ Նաև երեկ Մինսկում վարչապետների հանդիպման ժամանակ այս հարցը քննարկվեց։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ հասցնենք։ Մեկ ամիս էլ չկա ժամանակ։ Մենք պետք է հասցնենք պայմանագրերը ստորագրենք, տաղավարները նախապատրաստենք, մասնավորին ներգրավենք։ Սա արագ տեմպերով է պետք անել»։