Ազգային պատկերասրահում բացվեց Ռիշար Ժերանյանի «Վերադարձ երկիր» ցուցահանդեսը

17:00 • 20.05.11

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց ֆրանսահայ հայտնի գեղանկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի անհատական ցուցահանդեսը։

Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը շնորհավորեց վարպետի 90-ամյա հոբելյանը և տեղեկացրեց, որ նկարիչն իր որոշ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ նվիրաբերել է պատկերասարահին։

Արվեստաբան Արմեն Գասպարյանի խոսքով՝ նկարիչն իր աշխատանքների միջոցով հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում ընկալել երաժշտությունը, ինչի վառ ապացույցը «Հայդեն», «Ստրավինսկի», «Բեթհովեն», «Կոմիտաս» շարքերն են։ «Եթե ուշադրություն դարձնենք նրա արվեստին, կնկատենք, որ դա առաջին հայացքից էկլեկտիկ թվացող արվեստ է, իսկ դա վկայում է այն մասին, որ նա անընդհատ փնտրտուքների մեջ է»,- ասաց արվեստաբանը։

«Պարոն Ժերանյանն այն եղակի հայերից է, որը երբևիցե Հայաստանում չապրելով, միշտ ապրել է Հայաստանում։ Նա փորձել է Հայաստանի սահմանները տարածել մեր երկրի սահմաններից դուրս և հակառակը՝ աշխարհը բերել դեպի Հայաստան»,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նա կարևորեց նկարչի նվիրատվությունը Հայաստանին ու վստահեցրեց, որ դրանցով հպարտանալու առիթներ դեռ շատ կլինեն։

«Եկեք կրկին Ձեր տունը ու ներկայացեք Ձեր աշխատանքով»,- նկարչին կոչ արեց մշակույթի նախարարը։

Ռիշար Ժերանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ու հրավիրեց դիտել իր նկարները։

Նկարիչը ծնվել է Սեբաստիայում, տեղափոխվել Մարսել, ստացել ակադեմիական կրթություն։ Վերջին անգամ նրա աշխատանքները Հայաստանում ցուցադրվել էին 1964թ.։

«Վերադարձ երկիր» խորագրով ցուցահանդեսը տևելու է մինչև հունիսի 3-ը։

Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ։