Հայկական նամականիշը աշխարհի լավագույն տասնյակի մեջ է

17:49 • 20.05.11

Վիեննայում ընտրվել են 2009 թ. թողարկված աշխարհի ամենագեղեցիկ նամականիշերը։ Այս մասին հաղորդում են «Հայփոստ» ՓԲԸ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ընտրությունը կատարել է Ավստրիայի նամականիշերի ցուցահանդեսի (WIPA) կազմակերպչական հանձնաժողովը, որի կազմում էին Փոստի խորհրդի նախագահը, տեղական նամականիշերի դիզայներներ, փոստի ներկայացուցիչներ, տպագրիչներ և մամուլի ներկայացուցիչներ:

2009 թ. աշխարհի լավագույն տասը նամականիշերից մեկը ճանաչվել է Հայաստանի՝ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ թողարկած գեղաթերթիկը:

Այն պատկերում էր Թորոս Ռոսլինի «Քրիստոսի ծնունդը» մանրանկարը, հեղինակն է Ստեփան Ազարյանը:
Հայաստանից բացի մրցույթում հաղթող են ճանաչվել Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Շվեդիան, Սլովակիան, Մակաոն և Ավստրալիան: