«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մելինե Մերկուր» մրցանակին
Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մայիսի 24-ին տեղի է ունեցել «ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի» հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը:
«Մելինե Մերկուր» միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման բնագավառում:
Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսեցին Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը և Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին այդ պատվավոր մրցանակը հանձնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Թեոդորե Պասսասը:
Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հյուրերին ներկայացվել է նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը:
Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել Հայաստանի մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։










