Եգիպտոսում նոր բուրգեր են հայտնաբերվել
Ամերիկյան մի խումբ գիտնականների՝ արբանյակից արած լուսանկարներն օգնել են հայտնաբերել նախկինում անհայտ 17 եգիպտական բուրգ։
Տիեզերքից նկարահանման ինֆրակարմիր տեխնոլոգիան յուրահատուկ է այնքանով, որ հնարավորություն է տալիս տարորոշել գետնի տակ գտնվող օբյեկտները։
Տիեզերքից Եգիպտոսի տարածքի լուսանկարահանումն օգնել է գտնել ավելի քան հազար դամբարան ու 3 հազար հին բնակավայրեր։
Հնագետներն արդեն սկսել են աշխատանքները նշված վայրերում։ Նախնական տվյալով՝ արդեն հաստատվել է 2 անհայտ բուրգի առկայությունը։
«Նոր դամբարան պեղելը ցանկացած հնագետի երազանքն է։ Չէի կարողանում հավատալ, որ Եգիպտոսում այսքան նոր օբյեկտ է հայտնաբերվել»,- ասում է հետազոտության հեղինակ Սառա Փարքակը Ալաբամա նահանգից։
Ամերիկացի գիտնականները հետազոտել են 700 կիլոմետր բարձրությունից արված լուսանկարները, որոնք արվել էին հողի ընդերքում տարատեսակ նյութեր ուսումնասիրելու նպատակով։
Բանն այն է, որ հին եգիպտացիները իրենց տներն ու մյուս շինությունները կառուցել են կավե աղյուսներով, որոնք սովորական գրունտից մի փոքր ավելի ամուր են։ Այդ պատճառով էլ լուսանկարներում հստակ երևում են բնակելի տների, տաճարների ու դամբարանների ուրվագծերը։










