Երևանում՝ «Արաբական գիշերներ»
Երևանում մայիսի 31-ից հունիսի 6-ը «ՔասսԱրտ» փրոդաքշնի ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կմեկնարկեն «Արաբական գիշերներ» խորագրով ֆիլմերի ցուցադրությունները։
Արաբական ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն մայիսի 31-ին՝ ժ. 17։00-ին ՆՓԱԿ-ում Դոմինիկ Դուբոսկի (Dominique Dubosc, Ֆրանսիա) ֆիլմի ցուցադրությամբ։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արաբական գիշերներ» ծրագրի հեղինակ և տնօրեն Վրեժ Քասունին, ծրագրի շրջանակում կցուցադրվեն արաբական աշխարհը (Եգիպտոս, Պաղեստին, Իրաք, Լիբանան) ներկայացնող մի շարք հեղինակավոր, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնում ցուցադրված ու «Օսկարի» ներկայացված ֆիլմեր, որոնք ցուցադրվելու են երկու տարբեր ծրագրով՝ երեկոյան ու գիշերային։
Երեկոյան ցուցադրություններն սկսվելու են ամեն օր՝ ժ. 20։00-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում (անգլերեն ու հայերեն ենթագրերով)։
Վ. Քասունու խոսքով՝ արաբական գիշերների նպատակը մշակութային հողի վրա հայ-արաբական հարաբերությոններրը կենդանացնելն է, հայ և արաբ ռեժիսորների միջև հետագա համագործակցության ուղիներ որոնելը ու դրանք իրականացնելը։ «Արաբական աշխարհի նկատմամբ հետաքրքրությունը սահմանափակվում է միայն պորտապարով ու նարգիլեով, և արաբական մշակույթն ասոցացվում է տեռորի կամ պատերազմի հետ»,- ասաց ծրագրի ղեկավարը՝ նշելով, որ իր համար «բացահայտում էր» այն, որ ինքը երկար տարիներ ապրել է «պորտապարի ու նարգիլեի երկրում»։
«Արաբական գիշերներ» ֆիլմերի ծրագիրն առաջին անգամ կազմակերպվել է 2008թ. «Ոսկե ծիրանի» շրջանակում։










