Քանի հայ է պատրաստ գնել Զեմֆիրայի համերգի տոմսերը

15:54 • 31.05.11

Facebook սոցիալական ցանցում շարունակում է ակտիվ գործել «Պահանջում ենք, որ Զեմֆիրան Հայաստան գա» խումբը, որի անդամները ռուսաստանցի հանրահայտ ռոք աստղ Զեմֆիրայի երկրպագուներն են։ Երգչուհին, չնայած Հայաստանում երկրպագուների մեծ բանակ ունի, մինչև հիմա Երևանում համերգ չի տվել։

Խմբի հեղինակները որոշել են պարզել՝ քանի մարդ է իրականում պատրաստ մասնակցել Երևանում Զեմֆիրայի համերգին։

Ժամը 16։00–ի դրությամբ ֆեյսբուքյան հարցմանը իր ներկայությունը հաստատել է 2435 օգտատեր, 651 օգտատեր՝ հնարավոր է մասնակցի, իսկ 1261 «ֆեյսբուքցի» չի ձգտում Զեմֆիրային տեսնել Հայաստանում։ Եվս 6350 օգտատեր, թեև ստացել է միջոցառման հրավերը, դեռ չի արձագանքել դրան։

Նախաձեռնող խմբի անդամներից մեկը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ Զեմֆիրան այժմ հանգստանում է արտասահմանում, և երբ նա վերադառնա Մոսկվա, իրենք կդիմեն նրան՝ Երևանում համերգ տալու առաջարկով։