Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը
Հունիսի 6-13-ը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը:
Մրցույթը կմեկնարկի Կոմիտասի անվան պանթեոնում կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ: Մրցույթի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին ժ. 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացման արարողությանը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր Քրիստիան Յարվին։
Մրցույթին ելույթ կունենա Լիդսի, Դուբլինի, Վան Քլիբերնի, Ուիլյամ Քեփելի, Գինա Բախաուերի անվան մրցույթների և համաշխարհային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր Արմեն Բաբախանյանը: Համերգի ավարտին հայտնի ջութակահար Միխայիլ Սիմոնյանը (ԱՄՆ) կկատարի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի 3-րդ մասը:
Մրցույթին մասնակցելու համար Հայաստան կժամանի 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայից և Դոմինիկյան Հանրապետությունից:
Դաշնակահարների և կոմպոզիտորների պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենա հունիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դաշնամուր մասնագիտության 1-ին մրցանակակրին կհանձնվի 15 հազար դոլար և դափնեկրի դիպլոմ։ Վերջինս հնարավորություն կունենա համերգներով հանդես գալ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկ. և գլխ. դիրիժոր` Վալերի Գերգիև) կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Պավել Կոգան) հետ 2011-2012 համերգաշրջանում։
2-րդ մրցանակակրին կհանձնվի 10 հազար դոլար և դափնեկրի դիպլոմ, 3-րդին` 5 հազար դոլար և դափնեկրի դիպլոմ։ Եզրափակիչ փուլի մասնակիցները, որոնք չեն դարձել մրցանակակիր, կպարգևատրվեն դիպլոմով և 2 հազար դոլարով:
Կոմպոզիցիա մասնագիտության 1-ին մրցանակակրին կհանձնվի 5 հազար դոլար և դափնեկրի դիպլոմ։










