Այվազովսկու գողացված կտավը նորից Հայաստանում է (տեսանյութ)

16:55 • 03.06.11

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավն արդեն Հայաստանում է։ Այն «Զվարթնոց» օդակայանից պաշտոնապես տեղափոխվել է Հայաստանի ազգային պատկերասրահ, իսկ ավելի ուշ տեղի ունեցավ կտավի ներկայացումը։

«Փոթորիկ ժայռոտ ափերին» աշխատանքը 21 տարի առաջ առևանգվել էր ԱՕՔՍ-ի շենքից, և այս տարվա փետրվարի 26-ին վաճառքի էր հանվել Մոսկվայի գեղարվեստական գործերի «Գելոս» աճուրդի տանը։ Տարբեր հավաքորդների կողմից մի քանի անգամ վերագնված այս կտավի վերջին սեփականատերը ՌԴ հայազգի սենատոր Հովհաննես Օհանյանն է։ Հենց նրա շնորհիվ էլ հայկական կողմը կարողացել է վերադարձնել կտավ։

«Երևի ինչ-որ տեղ վերևում, երկնքում էր այդպես որոշված, որ այս կտավը հենց ես պետք է ձեռք բերեմ»,- Ազգային պատկերասրահում ասաց ՌԴ հայազգի սենատորը: Նրա խոսքով` այս կտավը զարդարել է իր հավաքածուն, դրանից հրաժարվելը շատ դժվար է, սակայն «Փոթորիկ ժայռոտ ափերին» գործը պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Հովհաննես Օհանյանը նշեց, որ կտավը մոտ 7 տարի առաջ ինքը ձեռք էր բերել Ռուսաստանի հայտնի ընտանիքներից մեկից: «Հասկանալի պատճառներով ես չեմ ուզում այդ ընտանիքի անունը նշել: Ոչ մի կասկած չեմ ունեցել, որ այս գործը կարող էր մութ անցյալ ունենալ»,- ընդգծեց Օհանյանը: Նա տեղեկացրեց, որ ցանկացած նկար գնելիս ինքը դիմել է Ինտրպոլին` պարզելու` այն հետախուզվում է, թե ոչ: Տարիներ առաջ իրեն Ինտերպոլից տղեկացրել են, որ «Փոթորիկ ժայռի ափերին» գործը հետախուզվող կտավների թվին չի պատկանում:

Կտավը Հայաստան տեղափոխելու գործում հայկական կողմին աջակցել է նաև Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված օրենսդրության կատարման վերահսկողության դաշնային ծառայությունը, որի ղեկավար Վիկտոր Պետրակովը նույնպես Երևան է ժամանել: Նա զարմացած նշեց, որ դեռևս չէր գրանցվել այնպիսի դեպք, որ ՌԴ տարածքից իրենց օժանդակությամբ հետախուզվող արվեստի գործ հայտնաբերվեր և տեղափոխվեր տվյալ երկիր: «Սովորաբար մենք ենք Ռուսաստանից գողացված գործերը այլ երկրներից գտնում ու հետ վերադարձնում»,- նշեց նա: Պետրակովը նաև զարմացած է հայերի ցուցաբերած ակտիվության համար: Նա նշեց, որ կտավի հայտնաբերման առաջին օրվանից հայկական կողմը հսկայական ջանքեր է ներդրել այն վերադարձնելու համար: Իր ղեկավարած կառույցի անունից Վիկտոր Պետրակովը ակտիվ համագործակցության համար շնորհակալագիր հանձնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

1990 թ.-ին Հասմիկ Պողոսյանն աշխատել է ԱՕԿՍ-ում: Նա այսօր հիշեց, որ Այվազովսկու հայտնի կտավը գողացել էին այն օրերին, երբ ԱՕԿՍ-ում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Ի դեպ, Հայաստանի տարբեր կառույցներից գողացված Այվազովսկու այլ կտավների մասին մշակույթի նախարարը տեղյակ չէր: «Այս պահի դրությամբ Հայաստանից առևանգված Այվազովսկի, էդպիսի տվյալներ չունենք, դուք ունեք տվյալ, ասեք»,- զարմացած ասաց նախարարը: Սակայն քիչ անց նա իր աշխատակիցներից պարզեց, որ հայտնի ծովանկարչի մի շարք նկարներ են գողացվել Հայատանի տարբեր կառույցներից: Կտավներից 4-ը հետախուզվում են Ինտերպոլի կողմից:

«Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավի առևանգողները դեռ չեն հայտնաբերվել:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը այս կտավի վերադարձը հայրենիք այսպես բնութագրեց. «Անառակ որդու վերադարձը»: