Պաբլո Ներուդային Պինոչե՞տն է սպանել. կքննեն պոետի մահվան հանգամանքները
Չիլիի իշխանությունները պատրաստվում են հետաքննություն անցկացնել՝ պարզելու գրականության ոլորտում 1971թ. Նոբելյան մրցանակ ստացած Պաբլո Ներուդայի մահվան հանգամանքները, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
Հիշեցնենք, որ Ներուդան մահացել է 1973թ. Չիլիի նախկին դիկտատոր Ավգուստո Պինոչետի զինված հեղաշրջումից 12 օր հետո։
20-րդ դարի լատինամերիկյան գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկի մահվան պատճառ է նշվում քաղցկեղը, սակայն ներկայում Չիլիի իշխանությունները որոշել են պարզել՝ արդյոք Ներուդան սպանության զոհ չէ՞։ Գրողի մահվան պատճառների ուսումնասիրման առաջարկով հանդես է եկել նրա ընկերն ու անձնական օգնականը՝ Մանուել Արայան, որը դատարան հայց է ներկայացրել Ներուդայի մահվան հանգամանքները քննելու պահանջով։ Ըստ Արայայի դիմումի՝ Ներուդան դարձել է Պինոչետի ռեժիմի զոհ։
Պոետի օգնականի պնդմամբ՝ 69-ամյա գրողին Սանտյագոյի Սուրբ Մարիայի անվան հիվանդանոց են ուղարկել ոչ թե վիճակի վատթարացման, այլ «նրա անվտանգության նկատառումներից ելնելով»։
Արայայի խոսքով՝ Ներուդան մտահոգ էր, որ նոր վարչակարգն ուզում է ազատվել իրենից, իսկ Պինոչետը վախենում էր, որ գրողը կփախչի երկրից։ «Պինոչետը մարդասպան էր։ Նա սպանեց Ներուդային, որ չհեռանա երկրից։ Նա չէր ցանկանում ընդդիմախոսի տեսնել՝ ի դեմս Ներուդայի»,- Արայայի խոսքն է մեջբերում «Ֆրանսպրեսը»:
Ներուդայի հիմնադրամում (Fundacion Pablo Neruda) առաջվա պես համոզված են, որ պոետը մահացել է 1973թ. սեպտեմբերի 23-ին շագանակագեղձի քաղցկեղից, որը բարդացել էր Պինոչետի կողմից Չիլիի նախագահ Սալվադոր Ալիենդեին գահընկեց անելուց հետո։
Ներուդան հայտնի է առաջին հերթին իր սիրային բանաստեղծություններով, ինչպես նաև «Համընդհանուր երգ» (Canto General) էպիկական պոեմով։ Նա Չիլիի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամ էր։ Պինոչետի դիկտատուրայի տարիներին (1973-1990թթ.) նրա ստեղծագործություններն արգելված էին հայրենիքում։










