«Խճճված զուգահեռներ» հայկական ֆիլմը կցուցադրվի աշխարհի շուրջ 40 երկրներում
Կաննի կինոփառատոնին Հայաստանի մասնակցության արդյունքներն այսօրվա ասուլիսին ամփոփեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նա նշեց, որ տարեցտարի ավելի շատ պրոդյուսերներ կընդգրկվեն ծրագրում, և առավել կզարգանա Հայաստանում կինոարտադրությունը։
«Սա երրորդ կինոշուկան էր, որին մասնակցեցինք, և եթե առաջին տարին ուղղակի ծանոթանում էինք, երկրորդ տարին մասնակցում էինք, այս տարի ունենք հաջողություններ»,- ասաց նա:
Ըստ Գևորգյանի` Կաննին մասնակցելու նպատակն էր ստեղծել հնարավորինս լավ պայմաններ պրոդյուսերների և ստեղծագործական խմբերի համար: «Կինոկենտրոնի խնդիրը չէ կնքել պայմանագրեր, այլ` ստեղծել պայմաններ, որ Հայաստանում գործող պրոդյուսերները կարողանան շփվել տարբեր երկրներում գործող պրդյուսերների հետ և համագործակցել»,- ասաց նա` նպատակը հիմնականում կատարված համարելով:
«Բացի Չեխիայից, Ուկրաինայից և Կաննից, հիմա արդեն համագործակցություն կա Ռուսաստանի հետ, և այնտեղ կինոշուկային Հայաստանից մասնակցելու են երեք հոգի: Նաև Բելառուսն է առաջարկել համագործակցել, և հիմա նախատեսվում է ուղարկել փաթեթներ»,- ասաց Գևորգյանը: Չեխիայի հետ համագործակցությունն, ըստ նրա, դժվար է, քանի որ Հայաստանում Չեխիան դեսպանատուն չունի: Սակայն պայմանագրերով նախատեսված աշխատանքների մասնակիցների համար կինոկենտրոնը պատրաստվում է կառավարություններից խնդրել մեկամյա բնակության վիզաներ:
Ռեժիսոր-պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը նշեց, որ կնքվել է Հայաստանի Հանրապետության կինոարտադրության ոլորտում առաջին համաշխարհային դիստրիբյուցիայի պայմանագիրը, որով առաջիկա հինգ տարիներին «Խճճված զուգահեռներ» ֆիլմը պիտի ցուցադրվի աշխարհի շուրջ 40 երկրներում: Կարևորելով լավ կազմակերպված աշխատանքը`նա ասաց. «Կաննը մի մարաթոն է, ուր պիտի գնաս հստակ պլանավորված, թե չէ՝ չես հասցնի ոչ մի բան»: Ըստ նրա` այս կինոշուկան նոր հնարավորություններ է բացում հայ կինոյի համար, քանի որ այստեղ հաջողության հասնելով, արդեն առավել դյուրին կլինի միջազգային շուկայում մասնակցել մյուս կինոփառատոններին: «Հիմա Կաննը մնաց հետևում, առջևում Մոսկվան է, որը ևս կարևոր շուկա է»,- նշեց նա:
Ըստ ռեժիսոր Արամ Շահբազյանի` Կաննից բերվել են շատ լավ ֆիլմեր` ուժեղ դրամատուրգիայով, լավ պատմությամբ: Նա խորհուրդ տվեց դրանք դիտել հատկապես այն ռեժիսորներին, ովքեր տապալվել են մրցույթներում, Կաննի նախընտրական փուլում կամ ձգտում են պատրաստել միջազգային մակարդակով մրցունակ նախագծեր:










