Էկրան է բարձրանում առաջին հայկական սարսափ ֆիլմը (թրեյլեր)

12:16 • 08.06.11

Հունիսի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ցասում» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմի տևողությունը 105 րոպե է: Սա առաջին սարսափ ֆիլմն է հայկական կինոարտադրության պատմության մեջ։

Հասմիկը, Գոռը և Ժակը «Ցասում» ֆիլմի գլխավոր հերոսներն են: Հենց նրանց շուրջ են ծավալվում արտասովոր, զարմանալի և սարսափելի իրադարձությունները, որոնք ստեղծվել են սցենարիստ Տաթևիկ Քթոյանի և երիտասարդ թիմի ջանքերով:

Սարսափ ֆիլմը կառուցված է սիրային եռանկյունու վրա։ Ըստ սցենարի` Հասմիկն ու Ժակը իրենց մեղրամիսն անցկացնում են Դիլիջանի իրենց տանը, որտեղ նրանց մեղրամիսը մղձավանջի է վերածում Գոռի հոգին։ Նա հոգեբուժարանում կախվել է խանդի և սիրած աղջկան կորցնելու պատճառով։

«Ես ոգևորված եմ ու պատրաստ նույնիսկ 50-րդ սարսափ ֆիլմը նկարահանել», – Tert.am–ին ասաց «Ցասում» ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հակոբյանը։ Գլխավոր հերոս Գոռի ուրվականի գալստյան տեսարանը նկարահանելիս էլեկտրականությունը տատանվել է և աշխատանքը մի քանի անգամ ընդհատվել է: Գլխավոր հերոսուհին այնքան է ազդվել նկարահանումներից, որ ուշաթափվել է։

Ֆիլմի պրոդյուսեր Սամվել Սահակյանը նկարահանումների ժամանակ շատ դժվարություններ է հաղթահարել. «Բացի նրանից, որ մեր շուկայում այս ժանրի ֆիլմի նախադեպ չկար, նաև հարկավոր էր հանդիսատեսին իր սպասումների չափով մատուցել այն, ինչը նրան ամենից շատ է հետաքրքրում>>:

Ֆիլմում հատուկ էֆեկտներ չեն օգտագործվել: Արվել է այնպես, որ շեշտվի դերասանական խաղը, իսկ կինոնկարը լինի իրականությանն ավելի մոտ։

<<Ցասում>> ֆիլմը առաջին անգամ կցուցադրվի << Մոսկվա>> կինոթատրոնի կարմիր դահլիճում, ցուցադրություններ են լինելու Հայաստանի բոլոր քաղաքներում, նաև ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում: