Մինասի որմնանկարները մնացին Գյումրիում
Մինաս Ավետիսյանի որմնանկարները փաթաթված վիճակում տեղափոխվել են «Գալվանոմետր» գործարանի պահեստային մաս, և դռները կողպվել են քաղաքացիական հասարակության կառույցների կողմից տրամադրված փականով:
Նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, գյումրեցիներին խոստացել է, որ փականը գաղտագողի չի բացվի, և ինքը թույլ չի տա ոստիկանական միջամտություն Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից։
Հիշեցնենք, որ Գյումրիից Մինասի որմնանկարների «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխման նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիում: Այսօր Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի պատասխանատուները իտալացի մասնագետի հետ միասին «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարի պատից անջատման աշխատանքներ են իրականացրել: Այնուհետև նախատեսվում էր, որ պատից անջատված որմնանկարները, փաթաթված վիճակում պետք է տեղափոխեին Երևան: Սակայն, բազմաթիվ գյումրեցիների բողոքի և Մինասի Ավետիսյան հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, այնուամենայնիվ, որմնանկարներն այսօր չտեղափոխել:
Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից տեղափոխման դեմ հանդես եկող գյումրեցի մի շարք արվեստի գործիչների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների անունից որմնանկարների վերականգնողական աշխատանքները Գյումրիում իրականացնելու առաջարկ-դիմումով «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն դիմել է մշակույթի նախարարին և Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի նախագահին (http://shirakcentre.org/hy/news/955-shirak-centre-ngo): Այնուհետև, հեռախոսային բանակցություններ են անցկացվել մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում վերոհիշյալ խնդրի քննարկման նպատակով երեշվել է վաղը անցկացնել հանդիպում մշակույթի նախարարի Գյումրիից մեկնող պատվիրակության հետ:










