«Նաիրի» կինոթատրոնի դահլիճը տրամադրվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին

14:29 • 08.06.11

Շուտով «Նաիրի» կինոթատրոնի դահլիճը տրամադրվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը` հավելելով, որ դահլիճը վարձակալելու համար իրենք չեն վճարելու, այլ միայն հոգալու են աշխատակազմին աշխատավարձ վճարելու և սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու մասին:

«Քաղաքապետարանի հետ արդեն ունենք համաձայնություն։ «Նաիրի»-ում պիտի կազմակերպենք ազգային, հայկական ֆիլմերի շարքեր։ Դրանք նախատեսված կլինեն հատկապես ուսանողների, աշակերտների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագրում ընդգրկելու են այնպիսի ֆիլմեր, «որոնց գրքերը երեխաները դժվարանում են կարդալ»:

Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել ազգային կինոմրցանակաբաշխություն, որը թերևս կկոչվի «Պեպո». «Պիտի փորձենք այս մրցանակաբաշխությունն անենք բոլորովին նոր որակով, շատ բարձր, որ երկար կյանք ունենա»,- նշեց նա: