Մինասի «Երկանք» որմնանկարն անջատել են պատից. գյումրեցիները կրկին բողոքում են
Իտալիայից հրավիրված մասնագետի մասնակցությամբ Մինաս Ավետիսյանի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, այսօր արդեն ավարտել են Գյումրու նախկին «Գալվանոմետր» գործարանի ճաշարանի պատից «Երկանք» որմնանկարի անջատման աշխատանքները: Այսօր նույնպես տասնյակ գյումրեցիներ հավաքվել են այդ գործարանի դարպասների մոտ, որպեսզի թույլ չտան որմնանկարների տեղափոխումը: Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունից։
Անցած երեկոյան Մինասի որմնանկարների Գյումրիից տեղափոխմանը դեմ հանդես եկող մի խումբ գյումրեցի արվեստագետներ հանդիպում են ունեցել մշակույթի փոխնախարար Ա.Սամուելյանի հետ, ինչպես նաև նրան են հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասցեագրված գյումրեցի հարյուրավոր մշակույթի գործիչների, արվեստի ու քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների կողմից «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի անունից գրված դիմում-ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Ի կատարումն ՀՀ կառավարության 28 ապրիլի 2011 թ. 500-Ա որոշման «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման և տեղափոխման հետ կապված` ստեղծված հասարակական կարծիքը, բանակցությունները մշակույթի նախարարի, ինչպես նաև պարոն Էռնեկյանի աշխատակազմի հետ և Գյումրու շուրջ 1000 մտավորականների առաջարկությունները հաշվի առնելով խնդրում ենք Ձեր միջնորդությունը աշխատանքային խմբին վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը իրականացնել Գյումրիում, որին կմասնակցեն նաև գյումրեցի ուսանողներ: Ձեր հանձնարարականը աշխատանքային խմբին «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին և վերականգնողական աշխատանքները կատարող խմբին հնարավորություն կտա հասարակական քննարկումների միջոցով վիճահարույց խնդիրը մտցնել բնականոն հուն: Տեխնիկական խնդիրների և վերականգնողական աշխատանքները չխոչընդոտելու պարտականությունները վերցնում ենք մեզ վրա»:
Հաղորդագրությունից նաև տեղեկանում ենք, որ իշխանություններից որևէ արձագանք կամ պատասխան դեռևս չի ստացվել, ինչը էլ ավելի է զայրացնում գյումրեցիներին:










