Մինասի որմնանկարները վերականգնենք ու ներկայացնենք Գյումրիում. կոչ գյումրեցիներին

17:45 • 09.06.11

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության հանձնախումբն այսօր կոչ է արել կառավարությանը վերանայել Մինաս Ավետիսյանի` Գյումրիում գտնվող «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարները «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրելու մասին 2011 ապրիլի 28-ի 500-Ա որոշումը, չեղյալ հայտարարել այն՝ որմնանկարները թողնելով Գյումրիում։

«Կոչ ենք անում «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատեր Էդ.Էռնեկյանին, հրաժարվել Մինաս Ավետիսյանի որմնանկարները օդանավակայանի սրահներում ունենալու մտքից, այդ մասին տեղեկացնել ՀՀ Կառավարությանը, իսկ նկարների վերականգնման համար արդեն արած ծախսերը համարել նվիրատվություն Գյումրի քաղաքին ի հատուցումն տեղական տուրքի Գյումրու համայնքային բյուջեի առաջ ունեցած պարտավորության զիջման` 200 մլն դրամի հողի և գույքի հարկի»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայաստանում և երկրի սահմաններից դուրս ապրող գյումրեցիներին և բարձր արվեստը գնահատող մարդկանց, հասարակական կազմակերպություններին, արվեստագիտական միավորումներին, տեղական և մարզային իշխանություններին կոչ են արել համադրել ջանքերը դրամական միջոցներ հայթայթելու և հատկացնելու` որմնանկարները վերականգնելու, Գյումրիում պատշաճ վայրում տեղադրելու և պահպանելու համար:

Հանձնախումբը դիմել է նաև «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Մինասի Ավետիսյանին. «Կոչ ենք անում վերանայել դիրքորոշումը, միանալ մեզ և սատարել մշակութային ապակենտրոնացման այս գաղափարին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ հանձնախումբն ակնկալում է Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրուց տանելու և վերականգնելու գործում ներգրավված, այս կոչի հասցեատեր բոլոր կողմերի հնարավոր շուտափույթ արձագանքը։