Երգով ու պարով երևանցիներին հիշեցրին հայ ազգային մշակույթի մասին (լուսանկարներ, տեսանյութեր)

13:15 • 11.06.11

Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկեց «Հայֆոն» երիտասարդական շարժման նախաձեռնած Հայ ազգային երգ ու պարի քայլերգը։ Երիտասարդները երգելով քայլեցին Հյուսիսային պողոտայով, նրանք պետք է անցնեն Հանրապետության հրապարակով և «Մոսկվա» կինոթատրոնի մոտ պարեն։ Հետո երգելով երթը կբարձրանա դեպի մետրոյի «Երիտասարդական» կայարան, որտեղ «Հայֆոնը» նորից կպարի։

Ինչպես Tert.am–ի հետ զրույցում նշեց շարժման անդամ Նունե Հայրապետյանը, քայլերթի նպատակն է հայ երիտասարդներին հիշեցնել հայ ազգային մշակույթի մասին։ Ըստ նրա՝ այսօր ռադիոյով և հեռուսատեսությամբ օտարազգի մշակույթի կողքին չի ներկայացվում հայկական այլընտրանքը, չկան հայկական մշակութային պարբերական հաղորդաշարեր։

Երիտասարդներն այդ հարցով դիմել են մշակույթի նախարարությանը։ Նամակին ի պատասխան՝ Հասմիկ Պողոսյանը նրանց հանդիպման է հրավիրել։ Ինչպես պատմեց շարժման անդամ Հարություն Ծատրյանը, նախարարը կիսել է երիտասադների մտահոգությունը, սակայն հայտնել, որ նախարարությունն անզոր է այդ հարցում օգնել երիտասարդներին։ Ըստ Ծատրյանի՝ մշակույթի ոլորտը ևս կոմերցիոն ոլորտ է, և իրենք լծակներ չունեն։