Երևանը դարձել է ջազային լուրջ քաղաք. Մալխաս

08:01 • 14.06.11

Կան արվեստագետներ, որոնք իրենց կերպարով յուրահատուկ կոլորիտ ու միջավայր են ստեղծում. այդպիսին է Լևոն Մալխասյանը` Մալխասը, որի հետ զրուցել է «Կապիտալ» թերթը:

-Ձեր մարդկային ու բեմական կերպարը բոլորին սիրելի և ընդունելի է, ո՞րն է պատճառը, ինչո՞վ կբացատրեք:
-Նախ` երբեք Հայաստանից դուրս չեմ ապրել ու աշխատել, չնայած դրսից միշտ ունեցել եմ շահավետ առաջարկներ: Իմ՝ դրսում մնալը միշտ տևել է ընդամենը երկու շաբաթ` հյուրախաղերի մեկնած ժամանակ. տասնհինգերորդ օրը ես պետք է Երևանում լինեմ: Ու այդպես է 1970-ական թվականներից մինչ օրս: Երևի պատճառը դա է, երկրորդն աշխատանքն է, որով զբաղվում եմ արդեն հիսուն տարի: Ես ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել. ո՛չ որևէ պաշտոն եմ ունեցել, ո՛չ էլ երբևէ որևէ կուսակցության մեջ եմ մտել: Միշտ մտածել եմ, որ ջազմենը պետք է զբաղվի իր գործով, փորձել եմ դա իրագործել Երևանում:

-Դուք առաջիններից եք, որ Երևանում բացեցիք ջազ ակումբ: Ի՞նչը Ձեզ հանգեցրեց նման քայլի՝ հանդիսատեսի հետ շփման կարի՞ք կար։
-Նմանատիպ ակումբներ առաջ էլ բացել էի, բայց բոլորը կարճատև կյանք ունեցան, ինչ-ինչ պատճառներով փակվեցին: Շատերն այն թյուր կարծիքն ունեն ու հաճախ ինձ ասում են, որ ջազն այս վերջին տարիներին է մոդայիկ դարձել: 1960-ականներից մինչ օրս նվագում եմ, և ջազը միշտ էլ ունեցել է իր ունկնդիրը Երևանում, միշտ:
Ես երեք երազանք ունեի. առաջինը երիտասարդության տարիների երազանք էր։ Երազում էի այցելել Միացյալ Նահանգներ, տեսնել, շփվել այնտեղի երաժիշտների հետ և հասկանալ, թե ես ու ընկերներս ճի՞շտ ուղու վրա ենք, թե՞ ոչ, լսել այն աստղերին, որոնց գիտեինք միայն ձայնասկավառակներով: Դա հաջողվեց միայն 1990-ականներին, հաջողվեց նաև նվագել այնտեղի ջազ ակումբներում: Այդ առումով ջազ ակումբները շատ դեմոկրատ են, ունեն իրենց ներքին օրենքը, և դա ընդունված է ամբողջ աշխարհում: Եթե դու մտածում ես, որ քո կատարողական մակարդակը բավարարում է, և կարող ես նման կարգի երաժիշտների հետ նվագել, ուղղակի առաջարկում ես և նվագում: Բոլորն ունեն այդ հնարավորությունը: «Մալխաս» ջազ ակումբում էլ է գործում այդ օրենքը, որովհետև ջազը հիմնված է իմպրովիզացիայի վրա, իսկ իմպրովիզացիան քո ներկա վիճակի խիստ անհատական արտացոլումն է: Երկրորդ երազանքս Երևանում միջազգային ջազ փառատոն կազմակերպելն էր և Միացյալ Նահանգներից սուպեր աստղերի հրավիրելը։ Դա ևս հաջողվեց, այն էլ` մի քանի անգամ: Նման շփումներն ու կապերը շատ կարևոր են և ոգևորում են մեր ջազմեններին, որովհետև այդ երաժիշտները գալիս են իրենց պրոդյուսերների, մենեջերների հետ և դրանից հետո մերոնց են հրավիրում իրենց փառատոներին: Իսկ երրորդ երազանքս էր` ունենալ սեփական ջազային ակումբ, որտեղ հայ երիտասարդ, տաղանդավոր, շնորհալի ջազմենները կարողանան իրենց դրսևորել: Ընկերներիս շնորհիվ այդ երազանքն էլ կատարվեց։ Արդեն վեցերորդ տարին է, որ «Մալխաս» ջազ ակումբը գործում է: Ես փորձում եմ երիտասարդ ջազմեններին տալ այն, ինչ երիտասարդ ժամանակ ինձ չի տրվել, որովհետև այն ժամանակ ձայնագրվելու հնարավորություն չունեինք, իսկ համերգներով Եվրոպա գնալու մասին խոսք անգամ չէր կարող լինել: Նախկինում մեր հոնորարն այն էր, որ թույլ տային ազատ նվագել։ Բայց մենք միշտ կարողանում էինք գտնել այն ձևը, այն հրապարակները, որտեղ իրականացնում էինք մեր համերգները: «Մալխաս» ջազ ակումբն այսօր բոլորին տալիս է ներկայանալու և՛ հնարավորությունը, և՛ տեղը: Մեզ մոտ գործում է վեց-յոթ ջազային խումբ, ամեն մեկն իր օրն ունի. այնպիսի հայ ջազմեններ ունենք հիմա, որ ցանկացած երկիր կերազեր նման բարձրակարգ երաժիշտներ ունենալ: Նրանք արդեն շատ հայտնի են աշխարհում: Ապրելով իմ հարազատ քաղաքում` իրագործեցի երազանքներս:

-Ջազը համարում են ապրելակերպ, հոգեբանություն։ Այն ի՞նչ է փոխել Ձեր կյանքում:
-Ճիշտ է, և՛ այն է, և՛ այն: Իմ մեջ ոչ մի բան չի փոխել, որովհետև այն իմ կյանքն է, իմ առօրյան: Ջազն ապրելաձև է, և հնարավոր չէ պիտակավորել ու մեկ բառով անվանել։ Իզուր չէ, որ նրա թարգմանություններից մեկը կոչվում է «կյանք»` փոփոխվող, չկրկնվող, ամեն օր բազմաձև, բազմաբնույթ և չհնացող ու ցանկացած նորն իր մեջ ընդգրկող։ Դա է ջազը:

-Այսօր ջազ լսողները շատացե՞լ են, թե՞ պակասել:
-Այդ առումով ոչ մի բան չի փոխվել մեր քաղաքում, մենք միշտ ունեցել ենք մեր երկրպագուն: Ջազը կոմերցիոն երաժշտություն չէ:

-Ջազը միշտ համարվել է լայն մասսաներին ոչ հասու երաժշտություն. ի՞նչ որակներ պիտի ունենա մարդը այն հասկանալու համար:
-Խոսքը որակների մասին չէ, այլ սիրելու, ընկալելու և զգալու: Մեր ակումբ հիմնականում հաճախում են այն մարդիկ, որոնք իսկապես սիրում են այդ ժանրը: Էլի եմ ասում, դա բիզնեսի ժանր չէ, դա ո՛չ փոփ է, ո՛չ ռոք, ո՛չ ռաբիս, ոþչ էլ անգամ դասական… Սա մի առանձին կղզի է: Ես և ընկերներս ամեն օր ենք դրանով զբաղվում, և Երևանն այսօր դարձել է ջազային լուրջ քաղաք: Մեր անցկացրած միջազգային երրորդ փառատոնից հետո Նյու Յորքից ստացանք վկայագիր, որ Երևանն արդեն միջազգային ջազային փառատոներ կազմակերպող քաղաքների շարքում է: Դա շատ լուրջ նվաճում է. անգամ Մոսկվան չի կարող դրանով հպարտանալ:

-Այսօրվա Երևանը Ձերը համարո՞ւմ եք: Երևանի պատվավոր քաղաքացի լինելը պարտավորեցնո՞ւմ է:
-Իհարկե, Երևանը միշտ եմ համարել իմը։ Այդպես է նաև հիմա: Ինչքան էլ ձևափոխվի, անճաշակ շենքեր կառուցվեն, դա որևէ կերպ կապ չունի իմ այն ներքին վերաբերմունքի հետ, որ ունեմ Երևանի նկատմամբ։ Իհարկե, ոչ մի օր դրա մասին չեմ մոռանում և համարում եմ, որ այն իմ ստացած բազմաթիվ կոչումներից ամենաթանկն ու կարևորն է, նաև պարտավորեցնող:

-Հայկական ջազն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:
-Շատ խիստ է տարբերվում, անգամ եթե նվագում ենք որևէ օտար երկրում ու նվագում ենք ամերիկյան ինչ-որ ստանդարտ, միևնույն է, տասը րոպեից ասում են, որ այդ երաժիշտն արևելքից է: Դա խոսում է հայկական ջազի ձեռագրի մասին, և բոլորովին պարտադիր պայման չէ զուտ հայկական գործիքների օգտագործումը: Գործիքներով չի պայմանավորվում ազգային պատկանելությունը, այլ երաժշտի ներքին աշխարհով. մենք տարբերվում ենք մեր բնությամբ, մեր գենետիկայով: Իսկ դա գալիս է մեր մեծ, հսկայական մշակույթից և գեղեցիկ ժողովրդական երաժշտությունից, որը բոլոր ջազմենների մեջ կա։ Նրանք պարզապես չեն կարող դա չարտացոլել իրենց երաժշտության մեջ: Դա վկայում է հայկական ջազի ճիշտ մատուցման մասին: Երբ Ջորջ Բենսոնն այստեղ էր, ասուլիսներից մեկում ասաց. «Ես հանգիստ եմ հայկական ջազի համար»: Դա շատ մեծ գնահատական է:

-Որպես վերջաբան՝ ի՞նչ կավելացնեք:
-Ունեմ նաև չորրորդ երազանք՝ ուզում եմ բացել անվճար ջազային ստուդիա: Կարծում եմ, որ այն այսօր մեր քաղաքին պետք է. ունենք տաղանդավոր երիտասարդներ, որոնց պետք է և «առանձնահատուկ» ջազային ուսում տալ, նաև ձայնագրել:

-Այսինքն` այն, ինչի մասին երազում էիք, այսօր փորձում եք տալ ուրիշների՞ն:
-Միանգամայն իրավացի եք. դա է իմ հիմնական նպատակը:

Զրուցեց Սաթենիկ Ազատյանը