Մինասի որմնանկարները պետք է տեղափոխվեին, փչանում էին. Արման Ավետիսյան
Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես հիմնավորեց Մինասի «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների՝ Երևան տեղափոխումը. «Որմնանկարը, երբ արդեն հանվել է, պետք է շուտ տեղափոխվի և ամրացվի, այլապես, այն արդեն փշրվում է։ Այդ վիճակում Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները դրված էին գործարանի հատակին երկու օրից ավելի»։
«Հերիք եղավ՝ գյումրեցիների անունից խոսեն»,- ասաց նա՝ անդրադառնալով Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությանը՝ Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիում թողնելու և այնտեղ վերականգնելու պահանջով։
Ըստ նրա՝ նախաձեռնության անդամների հետ պայմանավորություն էր ձեռք բերվել, որ «Ասպարեզ»-ը երկու-երեք օրվա արդյունքում աներ կոնկրետ առաջարկներ։ «Թեպետ ես չեմ հասկանում, թե էդ ինչ պահանջներ պիտի անեին, երբ արդեն կար պայմանագիր»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ նախաձեռնության առաջ քաշած պայմաններն իրենց ուղղակի այլընտրանք չթողեցին։ «Այս տարիներին կարելի էր մի հատ պահակ նշանակել բյուջեի հաշվին»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ որմնանկարները «քացով խփել-ջարդել են, վրան անշնորհք բառեր են գրել, բարբարոսաբար են վերաբերվել»։
«Նկարված են անհավանական բաներ, որ այստեղ չի կարելի ասել, աչքերը փորված են՝ չգիտեմ՝ դռելով, թե ինչով»,- հավելեց Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ իրենք ոչ միայն Գյումրուց որևէ առաջարկ չեն ստացել մշակութային արժեքները պահպանելու առնչությամբ, «այլև հիմա ոչ մի առաջարկ չունեն, այլ միայն պահանջներ»։
Նշելով, որ ցանկացած որմնանկար ունի վերականգնման ժամանակացույց՝ յոթ օր յուրաքանչյուրի համար, Հարությունյանն ասաց, որ իտալացի մասնագետները չեն կարող սպասել, և անհրաժեշտ էր աշխատանքները կատարել՝ ըստ հաստատված կարգի։ «Ուրբաթ օրը, ժամը 4-ին, պարզապես քանի որ ավարտված էր Գյումրիում նախատեսված աշխատանքը, արևի լույսի ներքո Գյումրուց որմնանկարները շարժվեցին դեպի Երևան՝ ոստիկանության ուղեկցությամբ»,- ասաց նա։
Հուլիսի վերջին, մինչև օգոստոսի սկիզբը «Երկանք»-ն ու «Թել են մանում»-ը, ըստ Հարությունյանի, տեղադրված կլինեն «Զվարթնոց» օդանավակայանում։ Նա տեղեկացրեց, որ այս պահին «Գորգ են գործում» որմնանկարը վերականգնելու համար տարվում են բանակացություններ «Կիլիկիա» գարեջրի գործարանի ղեկավարության հետ, որը պատրաստակամություն է հայտնել հովանավորել, որպեսզի որմնանկարը վերականգնվի և մնա Գյումրում։










