Գաբրիել Գարսիա Մարկեսին 2012-ին հրավիրում են Հայաստան
«Մշակույթի նախարարությունը իսկապես պատրաստվում է հրավիրել աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին Հայաստան։ Դա նախատեսվում է 2012թ–ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառման առիթով»,– Tert.am–ին տեղեկացրեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։
Նրա խոսքերով՝ մշակույթի նախարարությունը արդեն նախապատրաստել է համապատասխան նամակը և պատրաստվում է ուղարկել այն կոլումբիացի գրողին։
«Միջոցառմանը ժամանակ կա, և դեռ կհասցնենք իմանալ նրա պատասխանը»,– նշեց Գայանե Դուրգարյանը։
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում վերջերս ստեղծվել էր «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» խումբ, որի անդամները նամակ էին ուղարկել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով պաշտոնական հրավեր ուղարկել ճանաչված և սիրված գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին։
«Հարգարժան նախարար, ինչպես տեղեկացված եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականին Երևանը լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք, և մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը հյուրընկալի աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին»,- նշվում էր նամակում։










