Վահան Արծրունու կարծիքով՝ Հայաստանում մեդիա ռեսուրսները սպասարկում են ռաբիսը

14:21 • 21.06.11

«Ես երազանք ունեմ. ես կուզեի, որ Հայաստանն ունենար այնպիսի արվեստ, որ այլ երկրներում պատմվեր, թե կա մի այսպիսի երկիր՝ արվեստի երկիր»,- այսօր Երաժշտության միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսին ասաց երաժիշտ Վահան Արծրունին։ Ըստ նրա՝ երբ տարիներ առաջ Հանրային հեռուստատեսությունն իր գիշերային ծրագրում սկսեց հեռարձակել ռաբիս, «զարմացած էին նույնիսկ ռաբիս երգիչները, ու հիմա արվեստի մեջ արդեն ամուր են ռաբիսի դիրքերը»։

Կոմպոզիտոր Արամ Սաթյանի կարծիքով՝ արվեստի որոշ առանձնահատուկ ուղղությունների պահանջարկ կա և այդ պահանջարկը կարող է լինել պարտադրված կամ գնված։ «1990-ականների սկզբում, երիտասարդները չեն հիշի, բայց ռաբիս հասկացություն ոչ եթերում կար, ոչ թերթերում, և նման պահանջարկ չէր կարող լինել։ Ռաբիս չկար, բայց կար այն, ինչը կամաց-կամաց պետք է հասներ այսօրվան»,- ասաց նա։

Ըստ կոմպոզիտորի՝ հիմա արտասահմանյան երկրներից տրվում է պահանջարկի պատվեր, և դա դասականի կամ ջազային երաժշտության պահանջարկ չի ձևավորում, մինչդեռ դրանք մեծապես պահանջված են այդ նույն երկրներում։ «Հիմա պետք է փոխել մոտեցումը՝ աշխարհայացքը. որովհետև նույն հարսանիքներում Եվրոպայում լսում են Մոցարտ»,- նշեց Սաթյանը։

Ըստ Սաթյանի՝ եթե տնտեսագիտորեն ենք փորձում վերաբերվել երաժշտական արժեքների ձևավորմանը, դրա համար պետականորեն հիմնավորված, հետևողական ներդրումներ են անհրաժեշտ։ ««Սոթբիի» աճուրդում մի անծանոթ նկարիչ՝ հրեա, իր նկարը փորձեց վաճառել 1 մլն-ով, չգնեցին, տոկոսները փակեցին, հաջորդ տարին նույն նկարը դրվեց 3 մլն-ով, չգնեցին, էլի ներդրումներ արեց, տոկոսները փակեց, հաջորդ տարին դրվեց 12 մլն-ով, ու գտվեց մեկը, որ դա առավ։ Դրանից հետո այդ հրեայի նկարների գինը գնաց սկսած 12 մլն-ից. դա ես տեսել եմ»,- պատմեց նա։

«Հիմա դահլիճ վարձելն այնքան բարդ է դարձել ու այնքան անհասկանալի մեխանիզմներով է ղեկավարվում, որ հիմա երաժիշտը պիտի նաև անհատ ձեռներեցությամբ զբաղվի։ Դրանից երկու ելք կա՝ կամ պիտի այլևս չստեղծագործի, երաժշտությամբ չզբաղվի, կամ հավաքի ճամպրուկներն ու գնա»,- ասաց նա՝ հիմնավորելով, որ երբ ամբողջ մեդիա ռեսուրսը հանրային ճանաչման է ներկայացնում որոշ անհատների՝ աշխատելով նրանց գնի բարձրացման համար, ապա բարձրորակ երաժշտությունն արդեն անհետանում է։ «Նախ դա կտեսնեք աֆիշներից, ուղղակի էլ համերգներ չեն լինում»։

Սաթյանի կարծիքով՝ հնարավորինս օբյեկտիվ կլինի գոնե անել Փարիզի պես՝ գերիշխող երաժշտական ժանրերից յուրաքանչյուրին հատկացնել 25% եթերաժամ՝ ռադիոլսողին թողնելով ընտրությունը՝ ինչ լսել։