4053 գյումրեցիների ստորագրություններով պահանջագիրն ուղարկվել է վարչապետին

13:07 • 22.06.11

Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջով 4053 ստորագրություններով պահանջագիր է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պաշտոնական գրությամբ ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ստորագրությամբ ուղարկված պահանջագրում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն վարչապետ, ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տեղափոխված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք: Այս գրությանը կից ուղարկում ենք առաջին փուլով հավաքված 4053 քաղաքացիների ստորագրությունները»:

Ինչպես տեղեկանում ենք «Շիրակ կենտրոնի» հաղորդագրությունից, ստորագրահավաքը շարունակվում է, ցանկացողները կարող են միանալ: Ձևաթուղթը տեղադրված է «Շիրակ կենտրոնի» կայքում (http://shirakcentre.org/hy/lurer/973-shirak-centre-ngo):