«Մանկական եվրատեսիլ 2011»-ի նախընտրական փուլի հայտերն ընդունվում են
«Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի դիմումներն ընդունվում են մինչև 2011թ. hուլիսի 20-ը:
Ինչպես տեղեկանում ենք eurovision.am կայքից, մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի միայն հայերեն, իսկ տևողությունը` 2 րոպե 30 վայրկյանից մինչև 2 րոպե 45 վայրկյան: Բեմում պետք է լինի վեց երեխա:
Երգի ստեղծման մեջ պետք է ակտիվ մասնակցություն ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008 թվականից պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին՝ գրել երգեր մրցույթի համար՝ այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին:
«Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Անցած տարի Մինսկում մրցույթը հաղթեց Վլադիմիր Արզումանյանը` իր «Մամա» երգով՝ հավաքելով 120 միավոր:










