Շատերը նույնիսկ Մինասի որմնանկարների տեղը չգիտեն. Մշակույթի նախարար (տեսանյութ)
«Ես, որպես մշակույթի նախարար, պարտավոր եմ շարունակել հուշարձանների, պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ անկախ նրանից՝ ինչ մեկնաբանություններ ենք տալիս»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով Մինասի որմնանկարների՝ Գյումրիից Երևան տեղափոխելու դեմ գյումրեցիների դժգոհություններին։
«Ինչո՞ւ երբևէ հարց չի բարձրանում, թե ինչ է կատարվում այդ որմնանկարների հետ։ Գործարանները սեփականաշնորհվել են, ես չեմ սեփականշնորհել։ Թող այդ դեպքում որևէ մեկը պատասխան տա, թե ինչ ձև է այդ գործընթացը ժամանակին իրականացվել։ Ինչու են դրանք սեփականաշնորհվել, ինչու են դրանք տարանջատվել սեփականաշնորհման տարածքից և ընդհանրապես պահպանման բոլոր խնդրիրներից։ Հավանաբար, ես չեմ այդ ամենը արել»,- ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ շատերը նույնիսկ այդ որմնանկարների տեղը չգիտեն, «որովհետև, ինչքան էլ տարօրինակ չի, նրանք ինձ են հարցնում, թե որտեղ են գտնվում այդ որմնանկարները»։
«Տարիներ շարունակ բացարձակ անտարբերության ներքո, որմնանկարները գտնվել են, ու այսօր, երբ դեկտեմբեր ամսին ինձ քաղաքապետը ուղղում է նամակ, որտեղ գրում է, որ ինքը քաղաքի բյուջեում նախատեսել է գումար, «տիկին նախարար, կարո՞ղ եք մեզ օգնել մասնագետներով, մենք մասնագետներ չունենք», ասում եմ՝ «անշուշտ կարող եմ, ես սպասում եմ, համեցեք»։ Այդ ամբողջ գրագրությունը կա։ Դրա դիմաց ես ուզում եմ հասկանալ՝ ինչ գրագրության մասին է խոսքը գնում։ Ես հիմա պաշտոնապես բոլոր գերատեսչություններին նամակներ եմ ուղղում, որ պաշտոնապես ինձ կցեն այն բոլոր նամակները, որով ուղղվել են դիմումները, որոնց վրա այսօր վկայակոչում են մարդիկ և փորձենք հասկանանք, թե ով է այստեղ արդարացի, ով՝ չէ։ Այդ դիմումից հետո ես չգիտեմ՝ այդ հատկացված գումարները եղել են, թե չեն եղել, ընդհանրապես ինչի վրա են ծախսվել»,- ասաց նախարարը։










