Ռուսաստանցի դիրիժորը զղջում է հայ երաժշտին վիրավորելու համար

13:51 • 27.06.11

Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Մարկ Գորենշտեյնը զղջում է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հայ մասնակցի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերի համար։ Այս մասին հայտնում է Эхо Москвы ռադիոկայանը։

Նվագախմբի փորձերից մեկի ժամանակ Գորենշտեյնը հեգնել ու վիրավորական արտահայտություններ է արել Հայաստանը ներկայացնող տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին: Այդ պահին փորձը ձայնագրվում և ուղիղ եթերով հեռարձակվում էր։
«Պատմություն առաջին. թող ձեզ չմտահոգի, թե նա ինչ է նվագում, «տաղանդը»: Ձեր գործը նվագելն է այն, ինչ այնտեղ գրված է, և իմ հետ: Դա ձեզ թող ընդհանրապես չանհանգստացնի, այս աուլը (կովկասյան և Միջին Ասիայի բնակիչների գյուղ-խմբ.), որը այստեղ մատուցվում է մեզ, Նիշիմոտոյի զարմիկն է, ես դրա միջով արդեն անցել եմ: Այ դա պետք չէ անել: Այո, խնդրում եմ նվագեք ինձ հետ: Դա թող ընդհանրապես ձեզ հետ կապ չունենա: Սա՝ առաջին պատմությունը: Երկրորդ պատմությունը. դուք շատ բարձր եք նվագում: Դվորժակը: Դուք ուղղակի մոռացել եք, որ սա տրոմբոն չէ: Ինչ էլ որ նա այստեղ նվագի, դուք պետք է ավելի ցածր նվագեք, քան նա է նվագում»,-ասել է Գորենշտեյնը՝ դիմելով նվագախմբին և նկատի ունենալով Հախնազարյանին:

Մրցույթի կազմկոմիտեն արձագանքել է միջադեպին և հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, անընդունելի է համարել Գորենշտեյնի արտահայտած մտքերի բովանդակությունը, տոնը և բնույթը:

Երաժշտական շրջանակներում գերիշխում է այն կարծիքը, որ Գորենշտեյնը ցանկանում է ամեն կերպ խոչընդոտել այնպիսի պայմանների ստեղծումը, որը Հախնազարյանին հնարավորություն կընձեռի հաջող ելույթ ունենալ Չայկովսկու անվան մրցույթի եզրափակիչ փուլում: