Ջեմ-սեշն համերգ՝ Գարիկ Պապոյանի և Дети Пикассо-ի կիթառահարի մասնակցությամբ

15:32 • 27.06.11

«Ավանգարդ ֆոլկ» երաժշտության ակումբում այսօր, ժամը 20-ին ջեմ-սեշն ֆորմատի համերգով հանդես կգան մոսկովյան Дети Пикассо ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանը և «Վիտամին ակումբի» շոումեն Գարիկ Պապոյանը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հաղորդագրությունից։

«Մենք բազմաթիվ անակնկալներ ենք պատրաստել ոչ միայն հանդիսատեսի համար, այլ նաև այն երաժիշտների, ովքեր ներկա կլինեն: Ուզում ենք, որ այս ջեմ-սեշնում բոլորը մասնակցեն՝ անկախ նրանից հայտնի երաժիշտ են, թե սկսնակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման համերգների միջոցով են տաղանդները հայտնաբերվում»,- ասել է Գարիկը:

«Հայաստանում ռոք երաժիշտների այնպիսի կորիզ կա, որ կարող է լուրջ հաջողությունների հասնել միջազգային բեմերում: Նրանցից շատերին դուք լավ ճանաչում եք, ես էլ լսել եմ նրանց ստեղծագործությունները, սակայն միևնույն բեմում հանդես գալը, այն էլ համատեղ կատարումներով, իսկապես լավ առումով անսպասելի շատ բաներ է խոստանում»,- նշել է Կարենը:

Կազմակերպիչները գաղտնի են պահում համերգի հիմնական կազմն ու հրավիրված երաժիշների անունները: Դեռևս հայտնի չէ նաև, թե ինչ ստեղծագործություններ են կատարվելու: Միայն տեղեկացնում են, որ կլինեն որոշ ստեղծագործություններ Дети Пикассо-ի երգացանկից, ինչպես նաև սիրված և ճանաչված ռոք ստեղծագործությունների մշակումներ:

«Եթե մենք այս ջեմ-սեշնից զգանք հանդիսատեսի «էմոցիոնալ լարումը», նախատեսում ենք այս տարվա աշնանը Հայաստան հրավիրել նաև Дети Пикассо-ի մեներգչուհուն՝ Գայանե Հարությունյանին, ով եղբոր՝ Կարենի հետ այժմ հանդես է գալիս հունգարական Masfel խմբի կազմում: Գայանեն ու Կարենը նաև համատեղ նախագիծ ունեն, որը կոչվում է Wattican Punk Ballet: Այն ավելի շատ երաժշտական շոուի վրա հիմնված նախագիծ է և հայ հանդիսատեսի համար անսպասելի: Սակայն այս ծրագրերի մասին կխոսենք միայն այսօրվա համերգից հետո»,- ասել է Գարիկը:

Дети Пикассо խումբը ձևավորվել է 1997 թվականին մոսկվաբնակ Կարեն և Գայանե Հարությունյանների կողմից: Իր գործունեության ընթացքում թողարկել է 7 ստուդիական ալբոմ, 2 սինգլ, 12 տեսահոլովակ: Հանդես է եկել բազմաթիվ համերգներով Ռուսաստանում և Եվրոպայում: Այժմ խումբը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, սակայն քույր ու եղբայր հանդես են գալիս հունգարական Masfel ռոք խմբի կազմում և ներկայանում են սեփական ոչ ստանդարտ նախագծով՝ Wattican Punk Ballet։